Ինչո՞ւ միմյանց չենք հասկանում

Դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստից առաջ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ավտոմեքենա ներմուծողները: Ակցիայի պատճառն այս անգամ ոչ թե աջ ղեկերն էին, այլ մեկից ավելի մեքենա ներմուծելու և վաճառելու ժամանակ առաջացող հարկային պարտավորությունները: Եթե հաշվի առնենք, որ բողոքներ և ակցիաներ հիմնականում կազմակերպվում են այն ժամանակ, երբ երկու կողմերը միմյանց չեն հասկանում, ուստի այստեղ կարիք կա բազմակողմանի քննարկել երևույթը և պարզել, թե, ի վերջո, ինչո՞ւ կառավարությունը և ավտոներմուծողները այդպես էլ միմյանց չեն հասկանում:

Ի՞նչ է սահմանում օրենքը, և ո՞րն էր ավտոներմուծողների բողոքը

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Ավտոներկրողների բողոքը կապված է այս փոփոխության հետ, քանի որ նրանք տարվա ընթացքում շարունակել են աշխատել, այսպես կոչված, հին ձևերով, ինչի արդյունքում ոչ միայն չեն վճարել պահանջվող եկամտահարկը, այլև նրանցից շատերը դրա արդյունքում տարբեր տուգանքների են արժանացել:

Ավելին, նրանք մինչև գալիք տարվա ապրիլի 15-ը պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ): Բողոքի մասնակիցները հղում էին կատարում Վրաստանում գործող օրենքին, որի համաձայն՝ յուրաքանչյուր մեքենայի համար կիրառվում է ֆիքսված վճարաչափ: Ավտոդիլերներն իշխանություններից պահանջում են չեղարկել ամբողջ 2018թ. ընթացքում ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքների դիմաց չվճարված հարկերից գոյացած պարտքերն ու տուգանքները։

Կա՞ արդյոք օրենսդրական խնդիր

Անդրադառնալով օրենսդրական կարգավորման մոտեցմանը, պետք է նախ նշենք, որ տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր անձինք պետք է ունենան հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս առումով օրենսդրական այս կարգավորումը միանշանակ ընդունելի է, քանի որ մեքենա ներմուծողը և վաճառողը որևէ առավելություն չունի, օրինակ, անձեռոցիկ կամ գրիչ ներմուծողից և վաճառողից:

Այս դեպքում, սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ, եթե մեքենայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվում է ֆիզիկական անձը, այսինքն՝ քաղաքացին, ապա նա վճարում է եկամտային հարկ՝ 20 տոկոս: Սակայն, եթե նա նույն գործարքն իրականացնում է Անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) կարգավիճակով, ապա վճարում է ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ, և ավելին, այդպիսով նա հնարավորություն է ունենում գործող հարկային օրենսդրությամբ նվազեցնել այն մինչև 1.5 տոկոսի: Ավելին, հարկային փոփոխությունների նոր փաթեթով առաջարկվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներին ընդհանրապես ազատել հարկերից:

Սակայն այստեղ պետք է հասկանանք, որ գործ ունենք ոչ թե ձեռնարկատերերի հետ, այլ մարդկանց հետ, ում համար անգամ ԱՁ գրանցելը, պարզագույն հաշվետվություններ կազմելը, հարկերը հաշվարկելը կամ նվազեցնելը բավականին բարդ գործ է, ինչի պատճառով նրանք խուսափում են այդ քայլին գնալուց: Այս առումով ցանկալի կլինի պատասխանատու մարմնի կողմից քայլեր ձեռնարկել, որոնք հավասար հնարավորություններ կստեղծեն ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների և նույն գործն իրականացնող ֆիզիկական անձանց համար

Դրա պարզագույն օրինակը ֆիզիկական անձանց համար տարվա ընթացքում երկրորդ մեքենայի օտարման կամ նվիրատվության դեպքում 5 տոկոս եկամտահարկի դրույքաչափի կիրառումն է, որն ըստ էության կլուծի բարձրաձայնվող խնդիրը, և որպես վերջնարդյունք՝ կլինի նույնը:

Ի՞նչ անելիքներ ունի կառավարությունը

Արդյոք այս ոլորտում կառավարությունն անելիք ունի՞ և հատկապես ի՞նչ կարող է անել։ Այո՛, անելիքներ միանշանակ կան: Բացի վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, կառավարության անելիքների շարքին կարելի է դասել նաև այնպիսի մեխանիզմի մշակումը, որը քաղաքացիներին կազատի հարկային մարմինների հետ թղթարարությունից: Դրանցից առաջինը վերաբերում է հենց եկամտահարկի գանձմանը: Այսօր այդ խնդիրը դրված է ավտոդիլերի վրա: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, մենք գործ ունենք մարդկանց հետ, ում համար հարկային մարմնի հետ թղթարարություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելն ամենօրյա աշխատանք չէ, և դրա համար նրանք պետք է վարձեն որևէ կազմակերպություն կամ մասնագետ, ինչը լրացուցիչ ծախս է:

Այս առումով ՊԵԿ-ը կարող է իր վրա վերցնել այս գործառնության կազմակերպումը, մանավանդ, որ գործ ունենք ներմուծվող մեքենաների հետ, և այստեղ ՊԵԿ մաքսային ծառայությունը տիրապետում է ամբողջ ինֆորմացիային՝ թե ի՞նչ գնով է մեքենան գնվել, ե՞րբ է ներմուծվել, և բացարձակապես խնդիր չէ վերավաճառքի ժամանակ այս տվյալների բազայի հիման վրա կատարել հաշվարկը և հենց նվիրատվության պահին գանձել 5 տոկոս եկամտահարկը:

Այս պարագայում կխուսափենք նաև տուգանքներից, որն էլ հենց բողոքի դուրս ելած ցուցարարների երկրորդ պահանջն է: Որովհետև այսօր ունենք մի իրավիճակ, երբ նվիրատվության միջոցով մեքենա վաճառողն ինքը պետք է կազմակերպի եկամտահարկի վճարումը, և այս օրենքներին չտիրապետելու, հետևաբար նաև՝ հարկը չվճարելու պատճառով շատերը հայտնվել են տուգանքի տակ: Պետք է, սակայն, հասկանանք, որ մեր խնդիրն այն չէ, որ ստեղծենք ծուղակ, ու մարդիկ դրա մեջ հայտնվելով՝ տուգանք վճարեն: Պետության խնդիրն է, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ և հեշտ եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծի, ուստի առաջարկվող կարգավորումը մեկընդմիշտ կլուծի նաև այս խնդիրը:

Ինչո՞ւ միմյանց չենք հասկանում

Եվ վերջապես, որպես այս ամենի ամփոփում, անդրադառնանք այն հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ կառավարությունն ու ավտոներմուծողները միմյանց լավ չեն հասկանում:

Մասնավորապես, այս տարվա արդեն երկրորդ դեպքն է, երբ օրենսդրական կարգավորումը ավտոներմուծողների մոտ հանգեցնում է խնդիրների: Այստեղ ևս մեկ անգամ պետք է անդրադառնանք այն խնդրին, որ այս ոլորտի մարդիկ, բնականաբար, չեն պատկանում այն կատեգորիային, ովքեր տիրապետում են օրենսդրական կարգավորումներին և մշտապես հետևում են դրանց փոփոխություններին ու թարմացումներին:

Նրանք մարդիկ են, ովքեր ունեն աշխատանքի այլ բնագավառ, ուստի այստեղ ևս կառավարությունն ունի անելիքներ: Իհարկե, պահանջել ՊԵԿ-ից, որ բոլորին բացատրի, սովորեցնի Հարկային օրենսգիրքը և հատ-հատ ծանուցի փոփոխությունները՝ խելամիտ չէ, սակայն, անկասկած, կարելի է կանխարգելիչ նպատակներով և ավտոներմուծողների իրավագիտակցության բարձրացման համար միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի բանը բանից չանցնի, և հերթը չհասնի բողոքի ակցիաներին:

Իհարկե, արդարության համար պետք է նշենք, որ կան նաև ավտոդիլերներ, ովքեր շատ լավ իմանալով Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները՝  գնացել են նման քայլի, և այսօր փորձում են արդարանալ՝ չիմացության շղարշը օգտագործելով։

Այնուհանդերձ, բոլորը մեր երկրի քաղաքացիներ են և մարդիկ են, ովքեր ձեռքները ծալած նստելու փոխարեն՝ աշխատում են և արդյունք ստեղծում. պետությունը պետք է տեր կանգնի իր այս քաղաքացիներին և աջակցի նրանց:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս