«Մի մեքենան վաճառել եմ, մյուսը՝ նվիրել, բայց հիմա երկուսի համար էլ տուգանք է գալիս, լրիվ գլխացավանք». ավտոներկրողները հրաժարվում են վճարել հարկերը

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝  երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի, ուստի հարկային մարմինները բոլոր ավտոներկրողներին զգուշացրել են, որ մինչև ապրիլի  15-ը տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեն:  Սա առաջացրել է դժգոհություն:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝  ազգի 90 տոկոսը երկրորդ և դրանից հետո ձեռք բերած մեքենաները ոչ թե առք ու վաճառք, այլ նվիրատվություն է ձևակերպել, և հիմա «նվիրած» մեքենայի համար 20% հարկ պետք է վճարեն:

«Օրինակ, եթե շուկայական գնով մեքենան արժե 5000 դոլար, 20 տոկոսն են պահանջելու՝ մոտ 800 դոլար: Բայց սա շատ մեծ գումար է, մեքենայի առք ու վաճառքով զբաղվողների շահույթն այդքան չի կազմում: Պետությունը  պետք է համաների այս ամբողջ գումարը կամ գոնե ամեն մեքենայի համար 20.000 դրամ վճարենք»,- դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման առաջարկ կատարեց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրող Արմեն Գրիգորյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Մի մեքենան վաճառել եմ, մյուսը՝ նվիրել, բայց հիմա երկուսի համար էլ տուգանք է գալիս, լրիվ գլխացավանք: Դա իմ երկրորդ մեքենան էր, չէի բերել վաճառելու, մեքենայի շարժիչի  հետ խնդիր կար՝ տվել եմ ուրիշի: Օրենքի խախտում չկա, երկրորդի դեպքում չպետք է տուգանք գար: Մի քանի անգամ բողոքեցի, այնքան ձգձգեցին, որ ստիպված տարա վճարեցի: Ես քաղաքում չեմ եղել, բայց տուգանք է եկել: Ավելին, ասենք՝ մեքենան բերում ենք, պետք է իրենց տված ժամանակահատվածում վաճառենք՝ 10 -15 օրում, և, եթե չես հասցնում վաճառել՝ տուգանք է գալիս 20.000 դրամի չափով, քանի որ մեքենայի համարանիշի ժամկետը լրանում է: Եթե փոխես, դեղին համարանիշ դնես ու տանես սարքես կամ վարես, Ճանապարհային ոստիկանությունը բռնում, տանում է հատուկ պահպանվող տարածք: Իսկ հարևան Վրաստանում այդպես չէ՝ 90 օր են տալիս մեքենան վաճառելու համար»:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին Կառավարության մոտ իրենց բողոքը հայտնող ավտոներկրողներին հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եթե  այսքանդ եկել ու ասում եք, որ մեքենա եք ուզում նվեր տալ ու չհարկվել, մի հատ մտածեք, էլի՝ ի՞նչ եք ուզում: Եթե ձեզ թվում է, որ դուք պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու»,- ավտոներկրողներին ասել էր Դավիթ Անանյանը:

Ավելի ուշ  ավտոներկրողները, ովքեր պահանջել են, որպեսզի չեղարկեն հարկերը ու լինի ֆիքսված գումար, գրավոր են ձևակերպել այս ամենը և ուղարկել Կառավարություն: Նրանց տեղեկացրել են, որ հունվարի 8-ին Կառավարությունը սա կդնի քննարկման ու կուղարկեն ԱԺ:

Խնդրի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Պետական եկամուտների կոմիտեն՝ մասնավորապես նշելով.

ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաների երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ ավտոմեքենաների (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում, համարվում է  ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում: Նույն կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե ավտոմեքենան օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը:

Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 54-րդ կետին համապատասխան` օտարումը մեկ անձից մեկ այլ անձի ապրանքի և (կամ) աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է կամ ծառայության մատուցումը որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի) կամ անհատույց:

Միաժամանակ, մինչև 01.07.2018թ. օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում էր (հարկի հաշվարկը կատարվում էր) հաշվառման դրամարկղային մեթոդով, իսկ 01.07.2018թ.-ից վերոնշյալ եկամուտների մասով եկամտային հարկի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով` համաձայն 21.06.2018թ. ՀՕ-338-Ն օրենքով կատարված փոփոխությունների:

Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից:

Հետևաբար` եթե ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ձեռք են բերվում և օտարվում երկու և ավելի թվով ավտոմեքենաներ, ապա այդ ավտոմեքենաների երկրորդ և ավելի թվով օտարումը (այդ թվում` նվիրատվությամբ) օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և ենթակա է հարկման եկամտային հարկով` 20 տոկոս դրույքաչափով, իսկ հարկման բազան որոշվում է ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան:

Մինչև 01.07.2018թ. ֆիզիկական անձի կողմից նույն հարկային տարվա ընթացքում ավտոմեքենաները անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չէր առաջանում, քանի որ հաշվառման դրամարկղային մեթոդի կիրառման հիմքերի բացակայությամբ պայմանավորված` ֆիզիկական անձի մոտ եկամուտ չէր ձևավորվում:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս