«Բարսելոնա»-«Տոտենհեմ». հյուրերը դուրս կգա՞ն հաջորդ փուլ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի գլխավոր հանդիպումներից մեկը կանցկացվի «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալելու է «Տոտենհեմին»:
«Բարսելոնա»
«Բարսելոնայի» համար «Տոտենհեմի» հետ խաղն այլևս մրցաշարի արժեք չունի: Կատալոնական ակումբն արդեն երաշխավորել է իր առաջին տեղն այս քառյակում և կխաղա Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆում: Հինգ տուրերում «կապտանռնագույնները» վաստակել են 13 միավոր և վեց միավորով շրջանցել են ամենամոտ մրցակցին:
Հանգստյան օրերին Էռնեստո Վալվերդեի սաները հաղթեցին կատալոնական դերբիում 4:0 հաշվով: Սա կատալոնացիների 4-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանի 23 խաղերում կատալոնացիները պարտվել են միայն 2 անգամ:
«Բարսելոնայում» վնասվածքներ ունեն Սերժի Ռոբերտոն, Մալկոմը և Ռաֆինյա Ալկանտարան: Հարցականի տակ է Սամուել Ումտիտիի մասնակցությունը:
«Տոտենհեմ»
«Տոտենհեմի» համար խմբում տիրող իրավիճակը շատ ավելի բարդ է: Չնայած նրան, որ անգլիական ակումբը խմբում երկրորդն է, միայն կատալոնացիներին հաղթելն է երաշխավորում նրանց տեղը փլեյ օֆֆում: Մաուրիսիո Պոչետինոյի սաներն իրենց ակտիվում ունեն 7 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ինտերը», ով վերջին տուրում սեփական հարկի տակ խաղալու է ՊՍՎ-ի հետ: Իտալացիները դժվար թե այս խաղում բաց թողնեն հաղթանակը:
ԱՊԼ-ի վերջին տուրում «Տոտենհեմը» 2:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Սա 8-րդ հաղթանակն էր վերջին 9 պաշտոնական խաղերում:
Այս խաղում հստակ չեն խաղա Դավինսսոն Սանչեսը, Մուսա Դեմբելեն և Վինսենտ Յանսենը: Հարցականի տակ է Կիրիան Թրիփերրի, Սերժ Օրիեի, Էրիկ Լամելիայի և Վիկտոր Վենյամայի մասնակցությունը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի վերջին 7 խաղերում չի պարտվել
- Վերջին 8 խաղերում հյուրընկալվելիս «Տոտենհեմը» հաղթել է երկու անգամ և չորս անգամ ոչ-ոքի է խաղացել
- Կատալոնական ակումբն այս մրցաշրջանում սեփական հարկի տակ հաղթել է 11 խաղերից 8-ում
- Թիմերն իրար հանդիպել են երեք անգամ: Երկու խաղերն ավարտվել են ոչ-ոքի՝ 1:1 և 2:2 հաշիվներով: Մեկ խաղում հաղթել են կատալոնացիները՝ 4:2:
Այս խաղում անգլիական ակումբը պետք է անի ամեն ինչ չպարտվելու համար: «Ինտերը» դժվար թե բաց թողնի հաղթանակը, այնպես որ, «Տոտենհեմը» հաղթելու խնդիր է ունենալու:
Կատալոնական ակումբը ոչ մի խնդիր չունի լուծելու այս խաղում, այնպես որ, հավանական է, որ դուրս գա ոչ մեկնարկային կազմով: Կատալոնացիները ոչ մի դեպքում չեն զիջի առաջատարությունը և արդեն իսկ մտածում են փլեյ օֆֆի մասին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր՝ կեսգիշերին:
Սիրարփի Աղաբաբյան