«Եղել են բռնության, սպառնալիքների, ճնշում գործադրելու դեպքեր». Սոնա Այվազյան

«Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ «Ականատես» դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 9-ին ընտրությունների կապակցությամբ իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն.

«Մեր երկարաժամկետ դիտորդները՝ 36 հոգի, Հայաստանի տարածքում տեղակայված են եղել և աշխատել են նոյեմբերի 5-ից և գործընթացներն արձանագրել են էլեկտրոնային հարթակով։ Մեր դիտորդներն առնչվել և դիտարկել են տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները, կուսակցությունների հետ են հարաբերվել, քարոզչության գործընթացն են դիտարկել, դիտարկել են վարչական ռեսուրսի չարաշահումը»։

Ըստ նրա՝ նախընտրական շրջանում եղել է ազատ և մրցակցային գործընթաց, որտեղ կուսակցություններն ունեցել են հնարավորություն իրականացնել իրենց քարոզչությունը.

«Էական առաջընթաց է գրանցվել վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի, բարեգործության առումով, և դեպքերը, քաղաքացիներին տպավորությամբ, բավականին քիչ են եղել։ Քաղաքացիներն ասել են, որ չեն հիշում նման իրավիճակ, երբ իրենց չեն անհանգստացնում ցուցակագրելով, ճնշելով, տնետուն այցելելով, ուղղորդելով, թե ում է պետք ընտրել։ Մի քանի խնդիր ենք արձանագրել՝ հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահումներ, որոնք, իհարկե, լինելով բավականին ավելի փոքր մասշտաբների և ավելի մանր, բայց այնուամենայնիվ, տեղ գտել են, և քարոզչական գործընթացում տեղի է ունեցել քարոզչական կանոնների խախտում կուսակցությունների մեծ մասին կողմից։

Անշուշտ, մենք անհանգստացած ենք եղել քարոզչության ժամանակ եղած հռետորաբանությամբ և տարբեր կողմերից հնչող ատելության խոսքով։ Այս խնդիրները, որ վերհանել ենք, պետք է դրանց անպայման անդրադարձ կատարել և հաջորդ ընտրություններին շտկել»։

Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդական առաքելությանը, նա ասաց, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններին ունեցել են 581 դիտորդ, որոնք տեղակայված են եղել 300 ընտրական տեղամասում. «Ներգրավել են 52 շրջիկ խումբ և ունեցել ենք 46 դիտորդ՝ 36  տարածքային հանձնաժողովներում, որոնք դեռ շարունակում են աշխատանքը։ Առաջին անգամ Հայաստանում մենք իրականացրել ենք ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությամբ կարճաժամկետ դիտորդական առաքելություն, այսինքն՝ նախկինում մենք փորձում էինք ծածկել հնարավորինս շատ ընտրատեղամասեր, որպեսզի ստանայինք  ընդհանուր պատկեր, սակայն միջազգային զարգացած փորձը, որն ապացուցել է իր կենսունակությունը, ցույց է տվել, որ կարիք չկա շատ տարածքներ ծածկել, բայց եթե պատահական ընտրանքի վրա է հիմնվում դիտորդությունը, ապա կարելի է նաև փոքր ընտրատեղամասերի դիտարկման արդյունքում ստանալ պատկեր՝ ամբողջ երկրի համար»։

Սոնա Այվազյանն ասաց, որ կողմնակի անձանց ներկայություն նկատվել է ընդամենը 1 տոկոս տեղամասերում. «Տեղամասերի կահավորման կամ ընտրության հետ կապված հիմնական խնդիրը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար անհասանելիությունն է, և տեղամասերի 48 տոկոսը չեն ապահովում այդպիսի խնդիրներ ունեցող անձանց մուտքը տեղամասեր։

Քվեարկության ընթացքն անցել է բավականին խաղաղ մթնոլորտում, եղել է օրենքին համահունչ։ Եղել են խնդիրներ՝ հանձնաժողովների աշխատանքի որակի հետ կապված, բայց, ամեն դեպքում, դրանք չեն անդրադարձել էապես քվեարկության գործընթացի վրա։

Ընտրողների իրավունքի կամ տեղամասում գտնվող անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր նկատվել են տեղամասերից 2.67 տոկոսում։ 17 տոկոս տեղամասերում եղել է ընտրողների անվան դիմաց այլ անձի ստորագրություն։ 1.33 տոկոսում ստորագրություն լինելու պատճառով անձանց հնարավորություն չի ընձեռվել քվեարկել։ 24 տոկոս տեղամասերում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում, և 4 տոկոսում նկատվել է 4-ից ավելի չգրանցման դեպ, 1 տոկոսում՝ 11-ից ավելի։ Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, թեկուզ եղել են միտումնավոր խախտումներ և՛ ընտրողների կողմից, և՛ այլ անձանց վերահսկողության առումով։ 21 տոկոսում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7 տոկոսում՝ 7-10 դեպք, և 1.67 տոկոսում՝ 11-ից ավելի նման դեպք»։

Ուղղորդված քվեարկություն, ըստ նրա՝ նկատվել է տեղամասերի 6 տոկոսում. «Ընտրողներին անօրինական օգնության դեպքեր արձանագրվել են տեղամասերի 6 տոկոսում։ Տեղամասերի 2 տոկոսը փակվել է ժամանակից շուտ, 4 տոկոսը՝ ժամանակից ուշ։ Ամփոփման և հաշվարկի ընթացքը, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանվածին, և 2.87 տոկոսում են գրանցել ընթացակարգի խնդիրներ՝ ամփոփման ընթացքում, և 6.34 տոկոսում՝ հաշվարկի գործընթացում, 94.98 տոկոսում՝ մասնակիցներին տրամադրվել են արձանագրությունները և մասնակցության մասին տեղեկանքները։ Միայն 0.64 տոկոսում են ներկա եղել կողմնակի անձինք։ Գրանցել ենք մոտ 107 դեպք՝ կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախատումներ, բռնություն, սպառնալիքներ, ճնշում գործադրելու դեպքեր, կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն, ընտրողին իրավասություն չունեցող անձի կողմից օգնության ցուցաբերում, բաց քվեարկություն, ուղղորդված քվեարկություն, արդյունքների ամփոփման կոպիտ խախտումներ և անվավեր դարձված քվեաթերթիկներ։

Գիշերը ընտրատարածքներում ևս եղել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ հաղորդումները ներկայումս դեռևս ուսումնասիրության փուլում են»։

Տեսանյութեր

Լրահոս