Ձախողման դատապարտված Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ

Նիկոլ Փաշինյանի կողմից պարտադրված՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առանց Սահմանադրական և Ընտրական օրենսդրության նախնական փոփոխությունների, դատապարտված են ձախողման: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ժամանակը բավարար չէր փոփոխված իրավիճակին և առաջացած խնդիրներին համարժեք՝ քաղաքական նոր դաշտ ձևավորելու համար:

Ձախողումն անխուսափելի է՝ անկախ ընտրության արդյունքներից և հատկապես՝  «Իմ Քայլը» դաշինքում միավորված «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամների կանխատեսելի գերակշռության հետևանքով: Ակնհայտ է, որ նորընտիր Ազգային ժողովն ի զորու չի լինի իրականացնել գործադիր իշխանության վերահսկողության իր հիմնական գործառույթը:

Փաստարկներ ներկայացնելուց առաջ նշենք, որ ՔՊ-ի արդարացումը՝ անցած իշխանության՝ կրկնվելուց մաշված քննադատության հիմքի վրա, համարում ենք պոպուլիստական և անվավեր, քանի որ այն արդեն իսկ ՄԵՐԺՎԵԼ է: Նմանապես անվավեր են՝ ՀՀԿ-ի վերադարձի սպառնալիքի շանտաժով՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու կոչերը, քանի որ վերադարձ անցյալին չի կարող լինել, և նոր ընտրությունների նպատակը պետք է լինի ոչ թե՝ մերժողական, այլ՝ կառուցողական:

Մամուլը և փոքրաթիվ անկախ, վաստակաշատ անհատներ բազմիցս անդրադարձել են ՔՊ-ի «ընտրանու»՝ ակնհայտորեն անարդյունավետ, հաճախ՝ մասնագիտական և կրթական համապատասխան մակարդակի և անգամ՝ տարրական էթիկայի բացակայությանը, և անհանգստություն հայտնել նրանց կողմից հեղափոխության ձեռքբերումների վատնման, «մսխման» շուրջ (ի թիվս բազմաթիվ այլ օրինակների՝ տնտեսագիտական կրթության և մասնագիտական լուծումների բացակայություն տնտեսագիտական ոլորտում, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի անկիրթ, անհարգալից պահվածքը Հայկ Դեմոյանի հանդեպ, դպրոցի տնօրենի անգլերենի քննումը, Կրթության նախարարի և ԱԱԾ-ի գործառույթների շփոթումը, նրա կողմից հին մենաշնորհների պահպանումը, և այլն, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմնակալ նշանակումները, ֆավորիտիզմը և ոլորտի անարդյունավետ կազմակերպումը, Մակունցի կառավարման անկարողության ֆոնին՝ նրա անընդունելի տոնը, ասենք՝ Կոնստանտին Օրբելյանի հանդեպ, և այլ շարունակելի բացթողումներ Տիգրան Ավինյանի, Հայկ Մարությանի և այլոց գործունեություններում, և այլն, և այլն), որոնք ընտրություններից հետո կամ կշարունակեն դրսևորվել գործադիրում, կամ «սահուն քայլերով» կտեղափոխվեն օրենսդիր ոլորտ:

ՔՊ-ի «ընտրանու» կրթական-մասնագիտական թերությունները և էթիկայի կանոններին հակասող պահվածքն ուղեկցվում են նրանց կարծիքի, խոսքի, գործելու հիմնարար ազատությունների բացակայությամբ և Նիկոլ Փաշինյանին աներկբա հնազանդությամբ: Այս ստորակայությունը ոչ միայն  սպառնում է օրենսդիր ոլորտի անկախությանը և այն դատապարտում գործադիրի ենթակայությանը, այլ, որ առավել վտանգավոր է, անվերապահ, միանձնյա իշխանությամբ է լիազորում Նիկոլ Փաշինյանին:

Իսկ, ինչպես վկայում են  «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» և նրա արտահայտած այլ նմանօրինակ սպառնալիքները, ինչպես նաև՝ դրանց արտահայտման տոնը, Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնած է նոր տոտալիտար ռեժիմի հաստատման և Ազգային ժողովի հին, «անդամալույծ» մոդելի կրկնության վտանգների առջև: Համենայնդեպս, արտակարգ վիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանի պահվածքը և նրա անհանդուրժողականությունն այլակարծության հանդեպ, լինի դա ՀՅԴ կուսակցությունը կամ ինքնազոհաբերման գնացած, բռնատիրության դեմ՝ թող որ վիճելի ճանապարհ ընտրած «Սասնա ծռերը», պետք է քննադատության ենթարկվեին հենց ՔՊ-ի կողմից:

Սակայն Հայաստանի օրենսդիր իշխանություններում գերակշռող մեծամասնության հավակնող ՔՊ-ն քաղաքական գնահատական չտվեց Փաշինյանի՝ ատելության ելույթներին, որոնք պարզապես անթույլատրելի են քաղաքակիրթ երկրի վարչապետի համար և խիստ հակասում են Փաշինյանի հայտարարությանը նոր՝ մարդակենտրոն մոդելի ստեղծման վերաբերյալ: Նրանցից և ոչ մեկը չի հանդգնում փաստել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Նոր Հայաստանի կերտման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, և մեղավորներն անշուշտ պետք է պատասխանատվություն կրեն՝ օրենքի համաձայն, սակայն՝ առանց հրապարակային, ընդհանրացված վիրավորանքների և շոուի:

Ավելին՝ իշխանական ուժի՝ ՔՊ-ի «ընտրանին» մասնակցում է կոռուպցիայի հեղինակների հետապնդման վրա կառուցած քաղաքական ծրագրին և վայելում դրան հետևող էժան ժողովրդականությունը՝ չհակադարձելով, որ այն իրականացվել է  ՀՀ բնակչության փոքրամասնության կողմից, հետևաբար՝ այդ հետապնդումը չի կարող Նոր Հայաստանի կառուցման հիմնաքարը լինել:

Նոր Հայաստանի «հպարտ քաղաքացիների» գերակշիռ մեծամասնությունը կոռուպցիայի հեղինակ չէ (իսկ մանր խախտումներին անդրադառնալուց առաջ պետք է նախապես քաղաքացուն աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրել), և դրա հեղինակներին ստորացնող որակումները չեն, որ ապահովելու են յուրաքանչյուր քաղաքացու արժանավայել ապրելու, աշխատելու և դրա դիմաց արժանավայել աշխատավարձ ստանալու, կարծիքի և խոսքի ազատության, կրթության, առողջության, ինքնադրսևորվելու, արժանավայել ծերանալու իրավունքները: Հատկապես այս իրավունքների ոտնահարման պատճառով և հավաքական կամքի դրսևորմամբ էր, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիները»՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իրականացրեցին «հեղափոխությունը»:

Գուցե հատկապես՝ Փաշինյանի անառարկելի հեղինակությանը հնազանդվելու չափանիշերով են պաշտոնների նշանակվել ՔՊ-ի՝ անպատրաստ և իրենց բնագավառներում հաջողություններով աչքի չընկած անդամները, որոնք էլ, ըստ ամենայնի, կստանան  Ազգային ժողովում ձայների մեծամասնությունը:  Իսկ գուցե պր-ն Փաշինյանը պարգևատրում է նրանց՝  իբրև փոքրամասնության, որ հավատում և ենթարկվում էր իրեն այն ժամանակ, երբ մենք բոլորս անտեսում էինք: Այդուհանդերձ, սա հակասում է նրա հիմնարար դրույթներից մեկին, ըստ որի՝ պաշտոնն առավելություն չէ, այլ ծառայություն է ժողովրդին:

Հետևաբար, եթե ինչպես վկայում են փաստերը, ՔՊ-ի «ընտրանին» անկարող է պատշաճ ծառայություն մատուցել ժողովրդին, գուցե Նիկոլ Փաշինյանն ազնվություն ունենա՞ մերժելու նրանց ծառայությունը՝ հնարավորություն տալով ծառայության մտնել իրենց գործում հմուտ անկախ քաղաքացիներին, միաժամանակ ապացուցելով, որ համարձակություն ունի հարգելու այլ՝ իրեն հակառակ կարծիք և քննադատություն: Հատկապես, երբ տեսնում ենք, որ ՔՊ-ին չպատկանող, իրենց բնագավառներում արհեստավարժ պաշտոնյաները (օր.՝ Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, Մանե Թանդիլյանը, և այլք) մասնագիտական բարձր մակարդակով են ծառայում ժողովրդին՝ առանց շոուների և հրապարակային վիրավորանքների մասնակցության:

Հաջորդ մերժումը, կարծում ենք, պետք է լինի Նիկոլ Փաշինյանի բեմադրած «մի դերասանի թատրոնը», իսկ Ազգային ժողովն ընտրվի անցումային կարգավիճակով: Այնուհետև, եթե իրոք նպատակ ունենք «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում հանձնելու ժողովրդին», այլ ոչ՝ ամբոխի կրքերի վրա ընտրովի ներկայացումներ բեմականացնելու, ապա արհեստավարժ և անկախ կադրերի համալրմամբ՝ հարկ է անցում կատարել «խորհրդակցային ժողովրդավարության» (deliberative democracy):

Անցումը հնարավորություն կընձեռի մեկնարկել իրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը, երբ քաղաքացին per se՝ առանց շողոքորթ «հպարտ» ածականի,  հնարավորություն կստանա իրազեկ լիելու, նախապես մասնակցելու քննարկումների, իսկ հետագայում՝  հանրաքվեների միջոցով գիտակցված ընտրությամբ ուղղակիորեն ներառվելու կառավարման գործընթացում:

Արդյունքում՝ կադրային ճիշտ քաղաքականության հետևանքով և նոր Ազգային ժողովի ընտրության շնորհիվ՝ հնարավոր կլինի իրականացնել էական փոփոխություններ, որոնց հիմքում ընկած կլինի անձի նվազագույն դերակատարում՝ հօգուտ գործադրվող մեխանիզմների: Այս դեպքում՝ բոլոր խնդիրների առաջադրումը և լուծումը՝ ներառյալ քաղաքացիների անձնական հարցերի առաջնահերթությունը, կիրականացվեն համապատասխան նախապես հստակեցված ընթացակարգերի, այլ ոչ՝ ընտրովի և ըստ պաշտոնավարող անձի սուբյեկտիվ հայեցողության:

Հակառակ դեպքում, Նիկոլ Փաշինյանի՛ն հարկադրված կլինի մերժել իր հավաքական կամքի և գիտակցության շնորհիվ «հեղափոխություն» իրականացրած և կրկին անգամ հիասթափվելու վտանգի առջև կանգնած հայ ազգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի հակադրություն ատելության և վրիժառության փաշինյանական ելույթներին ծափահարող ցածր բնազդներին տուրք տվող ամբոխի:

Աստղիկ Սիմոնյան
PhD London University

Տեսանյութեր

Լրահոս