«Նրանց համար ավելի հարմարավետ վիճակ է Փաշինյանի կողքին լինել, ասենք, կես քայլ հեռավորության վրա, քան թե նրան հակադրվել ու ընդդիմություն դառնալ». Աղասի Ենոքյանը՝ բանավեճի մասին
Ապագա Ազգային ժողովում պատգամավորական տեղեր ունենալու հավակնություններ ունեցող քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ Հանրային հեռուստաընկերությամբ կազմակերպված բանավեճի, գաղտնալսման հերթական չափաբաժնի ու նախընտրական այլ զարգացումների մասին «168.am»-ը զրուցել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ։
– Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ականատես եղանք, որոշ գնահատականներով, «աննախադեպ» բանավեճի, թեպետ մենք հիշում ենք Ստեփան-Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճը նաև։ Ի՞նչ տվեց երեկվա բանավեճն ընտրողին, ո՞ւմ դիրքերն էին ավելի ուժեղ, քաղաքական ի՞նչ տեխնոլոգիաներ կիրառվեցին, որովհետև, օրինակ, Ֆեյսբուքում տեսակետ կար, որ դա 10-ը 1-ի դեմ բանավեճի օրինակ էր։
– Նախ՝ ես ուզում եմ նշել, որ այս քարոզարշավում բոլոր տեսակի PR-տեխնոլոգիաները, բանավեճերն ու ելույթներն ունեին շատ ավելի մեծ նշանակություն, քան եղել է մինչ այս, որովհետև մասնակից ուժերը ենթադրում են, որ այս անգամ չի լինի ընտրողների «գնում», կեղծումներ, և այդ առումով մեծ նշանակություն են տալիս ասված խոսքին, խնդրի հանրային ներկայացմանը և, իհարկե, կարևորում են նաև բանավեճերը։
Բայց երեկվա բանավեճը, ինձ թվում է, նախ՝ ֆորմատի առումով չափազանց անհասկանալի էր, որովհետև պարզապես հնարավոր չէ միտք արտահայտել, ներկայանալ այս տիպի ֆորմատներում։ Անհավասար պայմաններ էին, այսինքն՝ հմուտ, թրծված քաղաքական գործիչների կողքին կային մարդիկ, որոնց հանրությունն ընդհանրապես չէր ճանաչում, այսինքն՝ կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ ոչ ադեկվատ ֆորմատ էր։
Ի՞նչ տվեց ընտրողին. կարծում եմ, ոչ մի բան, այսինքն՝ բովանդակություն չկար քննարկումների մեջ, կողմերն իրենց դիրքավորումները շատ դժվար էին արտահայտում զուտ լայնածավալության պատճառով, և, իհարկե, ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ այնտեղ կային Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) և հեղափոխական ուժեր, և հենց այդ ջրբաժանով էլ ընթացավ ամբողջ քննարկումը, ինչ տրամաբանությամբ որ ընթանում էր ամբողջ քարոզարշավը։
Կարելի է նաև նշել, որ դա, ըստ էության, Հանրապետականի կողմից առաջ քաշված գիծն է, որով ինքն իրեն առանձնացնում է մյուսներից, և մյուսները՝ մտնելով այդ գծի մեջ, առանձնապես չեն հերքում դա։
Նրանց համար ավելի հարմարավետ վիճակ է Նիկոլ Փաշինյանի կողքին լինել, ասենք, կես քայլ հեռավորության վրա, քան թե նրան հակադրվել ու ընդդիմություն դառնալ։ Միգուցե այս բանավեճը տվեց այն, որ մի երկու նոր կուսակցության դեմքերի մարդիկ տեսան առաջին անգամ։