Ինչո՞ւ ձայնագրությունը համացանցում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ժամեր առաջ

«Կոմպրոմատը բավականին բարդ գործընթաց է: Այնպես չէ, որ ում մտքով ինչ անցնի՝ լրատվական դաշտ պետք է ուղարկի: Բազմիցս տարբեր երկրներում օգտագործվել է: Լավագույն օրինակը Թրամփի ու ռուսների կապի մասին էր: Կոմպրոմատը հաճախ օգտագործում են՝ որպես տեխնոլոգիա: Ուղղակի խնդիրն այն է, որ պետք է իմանաս՝ նպատակը ո՞րն է, ե՞րբ կարող ես օգտագործել, ի՞նչ ես ուզում դրանով անել: Երևանի ավագանու ընտրություններից առաջ շրջանառության դրեցին ձայնագրության մի մասը, որը ցույց տվեց մեկ բան՝ այն ունեցավ 1-2 օրվա կյանք, «Իմ քայլ» դաշինքը 82 տոկոսից ավելի ձայն ստացավ: Հետո՝ երբ նման բան ես անում, պետք է հաշվի առնես, որ այդ օրն այլ կարևոր միջոցառում չի լինելու:  Բայց երեկ ի՞նչ տեղի ունեցավ, սկսվեց 3.5 ժամ տևողությամբ մեծ բանավեճ, որն ամբողջովին ծածկեց այդ կոմպրոմատը: Հետևաբար, այն զրո նշանակություն ունեցավ: Լավագույն դեպքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարող են իրավական գործընթացներում օգտագործել: Ավելին՝ կարող ենք ասել, որ սա ևս մեկ անգամ հօգուտ Նիկոլ Փաշինյանի աշխատեց. պարզվեց՝ նա ճիշտ էր, որ ասում էր՝ Մարտի 1-ը մինչև վերջ բացահայտելու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դեկտեմբերի 5-ին հրապարակված Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրության մասին՝ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նույնպես համաձայնեց, որ ընտրական գործընթացի վրա այդ ձայնագրությունը որևէ կերպ չազդեց:

«Կարող է համախմբել շատերին, քանի որ հերթական ահազանգն էր, որ հեղափոխությունը վտանգի տակ է: Սա հնարավորություն է տալիս իշխանությանը՝ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթած չէ, ուստի պետք է  ընտրության օրը գնալ ու քվեարկել: Այլ է իրավական դաշտում այս ձայնագրությունը քննարկելը: Բայց ես մեկ բանի վրա ուշադրություն կցանկանայի դարձնել: Ձայնագրությունը համացանցում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց ժամեր առաջ: Ո՞վ գիտի՝  գուցե կուլիսների հետևում խոսակցություններ լինեն այս թեմայի շուրջ: Դրա համար չեմ կարծում, որ ամեն ինչ պատահական է եղել»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս