Իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մոդայիկ դարձած նախընտրական տարբեր ձևաչափերի բանավեճերում նկատվում է մի տխուր միտում. բանավեճի մասնակիցները հաճախ կապ չունեն նախապես արձանագրված քննարկման թեմայի հետ: Օրինակ, տնտեսության մասին բանավեճի հանրապետականներն ուղարկել էին Արտաշես Գեղամյանին: Կամ կոռուպցիայի մասին բանավեճի էր եկել Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը՝ անհավասար պայմաններում հայտնվելով կոռուպցիայի խնդրի հետ մասնագիտորեն առնչված Արփինե Հովհաննիսյանի դեմ:
Այս շարքը կարելի է երկար շարունակել: Նկատելի է, որ բանավեճերը և դրանց մասնակցությունը հաճախ դառնում են անիմաստ, քաղաքական ուժերի ներկայացուցիչները դրանց մասնակցում են պարզապես մասնակցելու, հերթական անգամ եթերում հայտնվելու համար: ՀՀԿ-ի համար ցանկացած ֆորմատով բանավեճի ներկայությունն ունի կենսական խնդիր՝ քարոզչական այլ ձևաչափերից, մանավանդ հասարակության հետ ինտենսիվ շփումներից նրանք հասկանալիորեն այժմ կաշկանդվում են:
Մեդիադաշտը մնացել է միակ տեղը, որտեղ ՀՀԿ–ն կարող է իրեն հարմարավետ զգալ: Նույնը կարելի է ասել նաև սկսնակ կամ քիչ շանսեր ունեցող այլ ուժերի մասին, ովքեր, իհարկե, ի տարբերություն ՀՀԿ–ի, փողոց դուրս գալու կոմպլեքս չունեն, բայց ունեն ճանաչելիության խնդիր: Հետևաբար ցանկացած բանավեճի պատրաստ են այս կամ այն կերպ մասնակցել:
Առավել խնդրահարույց է, սակայն, իշխանության թիմի պահվածքը: Իշխանության քարոզարշավային հիմնական բեռը, ինչպես և ընդհանրապես քաղաքական ողջ բեռը, իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը, որը մարզից մարզ, համայնքից համայնք ինտենսիվ քարոզարշավով է զբաղված: Փաշինյանից բացի նրա թիմի մյուս անդամները, բացառությամբ մի քանի ռեյտինգային թեկնածուների, զբաղված են, այսպես ասած, համամասնական ճակատը մեդիադաշտում պահելով: Ը
նդ որում՝ համոզված լինելով իրենց ուժի անվերապահ հաղթանակի մեջ, այդ ճակատը նրանք պահում են բավական սիրողական կերպով: Թերևս բացառությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, իշխանության համամասնական ճակատի առաջամարտիկները բանավեճերում հայտնվում են լավագույն դեպքում մի կերպ չպարտվողի դերում: Թե ինչո՞ւ է որոշվում գնալ նման բանավեճերի նախապես արձանագրված թեմաներին ոչ կոմպետենտ անձանցով ու դրանով շանս տալով ՀՀԿ-ին գոնե մեդիահարթության մեջ իրենց հաղթող զգալ, առաջին հայացքից անհասկանալի է թվում:
Սակայն միայն առաջին հայացքից: Ակնհայտ է, որ իշխանության թիմի մասին ընտրողների հիմնական պատկերացումները ձևավորվում են Նիկոլ Փաշինյանի անձով: Փաշինյանն իր հերթին ակտիվորեն շրջում է մարզերում, զուգահեռ ամեն հանդիպման ժամանակ տաք պահում նաև ոչ մարզային, համապետական ընթացիկ քաղաքական թեմաները: Ասել է թե Փաշինյանը միաժամանակ ծածկում է բոլոր թիրախները:
Նրա թիմի խնդիրը, ըստ այդմ, պետք է լիներ ամեն մեկն իր ոլորտում ապահովել Փաշինյանի թիկունքը, կամ գոնե չխանգարել ու սպասել առաջնորդի հեղինակության հաշվին ձեռքբերվելիք ձայների հաշվին մանդատ ստանալուն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: