Միավորող դրական արժեհամակարգը՝ որպես ամուր պետականության գրավական

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ունեն, թերևս, ամենամեծ կարևորությունը հայ հասարակության և հայկական պետականության համար անկախացումից ի վեր: Խաղաղ իշխանափոխությունը, որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, ապացուցեց, որ հայ հասարակությունը դեռևս ամբողջովին չի կորցրել իր ժողովրդավարական էությունը: Սակայն այժմ նոր իշխանությունները պետք է առերեսվեն ահռելի մարտահրավերների, որոնց դիմակայելու ընթացքը և ձևը կանխորոշիչ կլինի հայ հասարակության և, հետևաբար, հայկական պետականության  հետագա զարգացման համար: Ստորև կանդրադառնանք իշխանության, ինչպես նաև յուրաքանչյուրիս անելիքներից որոշներին:

1. Նոր իշխանությունը պետք է լիովին ընկալի այն պարզ փաստը, որ առաջին հերթին պետք է ձեռնամուխ լինի արժեհամակարգային փոփխությունների իրականացմանը հասարակության մեջ, քանի որ առանց դրանց ցանկացած նորմ, այդ թվում՝ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները, կլինեն ձևական, և արդյունքում մենք կունենանք ֆասադային սահմանադրություն և թղթի վրա գոյություն ունեցող, սակայն գործնականում կիրառություն չունեցող իրավական համակարգ:

Այս առումով հատկանշական է, որ պոզիտիվ և կոնսոլիդացնող արժեքների ներդրմանը կարող է ձեռնամուխ լինել միայն լեգիտիմ իշխանությունը, մինչդեռ ոչ լեգիտիմ իշխանության համար առողջ արժեհամակարգը կարող է կործանարար լինել:

Սխալ արժեհամակարգի ներդրման արդյունքում է հենց, որ 1991թ.-ին ձևավորված լեգիտիմ իշխանությունը շատ կարճ ժամանակահատվածում կորցրեց իր լեգիտիմությունը և ստիպված եղավ վարչական ռեսուրսի օգտագործման միջոցով վերարտադրվել հետագա տարիներին: Այսպիսով, նոր իշխանությունն ունի աչքերի առաջ բացասական օրինակ, որից կարող է և պարտավոր է դասեր քաղել, որպեսզի չկրկնի նույն սխալները:

2. Հարց է առաջանում, թե ինչպես պիտի այս երևույթն արտահայտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Պատասխանը հետևյալն է՝ չպետք է առաջնորդվել «ամեն ինչ, կամ ոչինչ» կարգախոսով, և հարկավոր է ձևավորել այնպիսի համակարգ, որում ընտրվողը չվերցնի, իսկ չընտրվողը՝ կորցնի ամեն ինչ:

Ի վերջո, ժողովրդավարության բուն նպատակը մեծամասնության կարծիքի ամեն գնով դոմինանտ լինելը չէ, այլ հենց փոքրամասնության շահերի և իրավունքների պաշտպանությունն է: Եթե այս դրույթը մոռացվում է, ապա ժողովրդավարությունը դառնում է պարզապես մեծամասնության դիկտատուրա: Սահմանադրական օրենքների ընդունման, ինչպես նաև առանձին բարձրագույն պաշտոններում նշանակման կամ սահմանադրական մարմինների կազմավորման համար ձայների որակյալ մեծամասնության սահմանումը ոչ թե ինքնանպատակ է, այլ խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջոց։

Ուստի առավել ընդունելի կարելի է համարել այնպիսի մեծամասնության առկայությունը, որը մի կողմից՝ Ազգային ժողովին հնարավորություն է տալիս արդյունավետորեն իրականացնել իր գործառույթները, իսկ մյուս կողմից՝ սահմանադրական օրենքների ընդունման և սահմանադրական կարևորագույն մարմինների ձևավորման ժամանակ ստիպում խորհրդարանական մեծամասնությանը հաշվի առնել ընդդիմության դիրքորոշումները։

Ուստի առավել ընդունելի կարելի է համարել այն մեծամասնությունը, որը մոտ է, սակայն չի հատում պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի սահմանը։ Խորհրդարանական մեծամասնության ավելի մեծ «կայունությունը» կարող է հղի լինել մեկ կուսակցության կամ խորհրդարանական մեծամասնություն կազմող մի քանի կուսակցությունների դիկտատուրայի հաստատման վտանգով։

3. Հասարակությունը շատ բարդ համակարգ է, որը ձևավորվում է անհատների փոխազդեցության և փոխկապակցվածության պատճառով և համապատասխանում է իրենց ինքնաբուխ և բնական վարքագծին: Հենց այդ պատճառով հասարակությունը չի կարող զերծ լինել հակասություններից: Իշխանության հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ձևավորի փոխադարձ հարգանքի մշակույթ, ոչ թե շահագործի առկա հակասությունները իր դիրքն ամրապնդելու համար (հեղափոխական-հակահեղափոխական, սևեր և սպիտակներ):

4. Սահմանադրությունը չի ասում, որ մենք բոլորս պետք է կիսենք նույն արժեքները և ունենանք միանման մտածողություն: Մայր օրենքը պետք է արտացոլանքը լինի այնպիսի արժեհամակարգի, որտեղ բոլորը հարգում են միմյանց, և որը հիմնված է երկխոսության վրա: Պոզիտիվ արժեքներից մեկը, որոնց մասին նշել ենք վերևում, հենց փոխադարձ հարգանքն է: Փոխադարձ հարգանքի ձևավորմանը նպաստում է ինքնադրսևորման ձևի, տեղի և ժամանակի ընկալումը:

Օրինակ, եթե դուք սիրում եք խնձոր, սակայն հայտնվել եք մի միջավայրում, որտեղ նախընտրում են այլ մրգեր, պետք չէ բղավել այն մասին, որ խնձոր եք սիրում, և թվել դրա առավելություններն այլ մրգերի նկատմամբ: Քաղաքացին պետք է ունենա սեփական պատասխանատվություն ինքնադրսևորվելուց: Այդ պատճառով լեգիտիմ իշխանությունը պիտի նպաստի միավորող արժեհամակարգի կայացմանը, ոչ թե հասարակության տարբեր շերտեր իրար հակադրելով՝ փորձի ամրապնդի իր իշխանությունը: Պետք է ստեղծվի կոնսոլիդացնող համակարգ, քանի որ հակասություններն օբյեկտիվ են, և իշխանությունը պետք է կանխի հակասության վերածումը հակադրության:

5. Վերջում չենք կարող չանդրադառնալ հայ հասարակության մեջ վերջերս բուռն քննարկումների առարկա դարձած մեկ այլ հարցի: Ամուր պետության գրավականներից մեկն ամուր ընտանիքն է: Ընտանեկան հոգեբանության անկյունաքարային գաղափարներից մեկն ամուսնու անհատականության ընդունումն է, միմյանց կարծիքները չճնշելը: Հակառակ դեպքում, երբ մերժում ես ամուսնու արժեքները և պարտադրում քոնը, «լավագույն» դեպքում դա կարող է հանգեցնել թերի ընտանիքի գոյացման և անառողջ հարաբերությունների: Ընտանիքի վերաբերյալ շատ կարծիքներ հնչեցին վերջրս՝ Երևանում ԼԳԲՏ ֆորումի անցկացման վերաբերյալ խոսելիս:

Նախ, վերադառնալով սեփական պատասխանատվության և ինքնադրսևորման ձևի, տեղի և ժամանակի հարցին, պետք է նշել, որ հայ հասարակությունը մեծամասամբ դեմ է այդ երևույթին, և կազմակերպիչները թերացել են սեփական պատասխանատվության հարցում՝ որոշելով Երևանում անցկացնել տվյալ միջոցառումը: Մի՞թե կար անհետաձգելի պահանջ այդ միջոցառումն անցկացնելու հետհեղափոխական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կանգնած Հայաստանի մայրաքաղաքում: Սակայն չի կարելի անտեսել և հակառակ կողմը:

ԼԳԲՏ ֆորումին դեմ հանդես եկող բազմաթիվ անձինք, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչներ, անընդհատ օգտագործում էին «հայ ավանդական ընտանիք» եզրույթը: Հայ ավանդական ընտանիքի պահպանությունը, անշուշտ, գերկարևոր հիմնախնդիր է, սակայն առնվազն անհասկանալի է, թե ինչու են միասեռականությունն ավանդական ընտանիքի համար սպառնալիք համարող մարդիկ լռում  սելեկտիվ աբորտների և ընտանեկան բռնության վերաբերյալ: Մի՞թե վերջիններս բխում են ավանդական ընտանիքի էությունից: Այսպիսով, ձևի հետևից ընկած՝ կործանում ենք բովանդակությունը: Սա, ի դեպ, հատուկ է մեր հասարակությանը գրեթե բոլոր հարցերում: Ձևի և բովանդակության մենամարտում ապագա չկա: Ապագան պետք է կառուցել դրանց ներդաշնակության վրա:

Այսպիսով, խնդիրներն ակնառու են և բազմաթիվ, իսկ դրանց լուծման համար յուրաքանչյուրս պետք է ձևավորի սեփական պատասխանատվություն և հույսը չդնի նոր իշխանության վրա, որը ևս, բացի սեփական պատասխանատվությունից, պետք է դրսևորի քաղաքական կամք և հեռատեսություն՝ նախորդների սխալները չկրկնելու համար:

Ալեքսանդր Հարությունյան,
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Տեսանյութեր

Լրահոս