«Սա նշանակում է՝ շփման գծի փոփոխություն՝ առանց Արցախի կարգավիճակն ամրագրելու». Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե ինչու է հայտարարել, որ այն քաղաքականությունը, որ ներկայիս իշխանությունները վարում են Արցախի հարցում, հիմնված է մի բանաձևի վրա՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն։
Շահնազարյանը նախ հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց կարճ ժամանակ անց մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին.
«Շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է։ Ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության առաջին քայլերից է։ Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց այդ կարևորագույն պաշտոնը, որ այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի, դա ավելին, քան հանցագործություն էր։ Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը, ուղղակիորեն, իշխանության կողմից տարածվող ստեր էին, որովհետև առնվազն օգոստոս ամսից իրենց էլ քաջ հայտնի էր, որ դա բացառված է։ Հարցի քննարկումը հետաձգվել է պարզ պատճառով՝ առայժմ համաձայնության չեն եկել, թե այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին փոխարինելու է Բելառուսի՞ ներկայացուցիչը, թե՞ տեղակալը, որ Ռուսաստանի ներկայացուցիչ է, շարունակելու է պաշտոնավարել։ Կարծում եմ՝ կլինի երկրորդը»։
Մյուս հարցը, ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափում ընթացող բանակցությունների վերաբերյալ է։ «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և
Ժնևի օրակարգը, այսինքն՝ շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումներ։ Այդ մասին բազմիցս հայտարարել են եռանախագահողները։ Երբ եռանախագահողները ժամանեցին Երևան և հունիսի 13-ին առաջին անգամ հանդիպեցին ՀՀ նոր ղեկավարության հետ, դրանից հետո իրենց բոլոր հայտարարություններում բառ անգամ չկա դրանց մասին, խոսվում է սուբստանտիվ բանակցությունների մասին։ Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ և անշրջելի կորուստ է հայկական կողմերի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ բանակցությունների բովանդակության մասին, գիտակցաբար թե անգիտակցաբար, բարձրաձայնել է ինքը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։
«Փաշինյանն ասում է, որ իր կառավարության համար շատ կարևոր է Արցախի կարգավիճակը և անվտանգությունը։ Ներկայիս կառավարության դիրքորոշմամբ՝ այս երկու հասկացություններն իրարից տարանջատվել են։ Սա արդեն շատ լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որ ուներ նախկին իշխանությունը։ Նախկին դիրքորոշումն էր՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց, այսինքն՝ ըստ էության, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին։
Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է, որ կարգավիճակից բացի՝ կարող են լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային կարգավիճակն ամրագրելու։
Որևէ միջազգային երաշխիք չի կարող ընդունելի լինել, քանի դեռ կարգավիճակն ամրագրված չէ։ Ամենաբարձր աստիճանի անվտանգությունը հենց կարգավիճակն է։ Այսինքն՝ տարանջատելով այս երկուսը՝ նշանակում է՝ համաձայնել բոլոր այն տարբերակներին, որոնց մասին վերջին ամիսներին շատ հաճախ խոսում են թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձը ՀՀ անկախության տոնին, որ սկսվելու են լուրջ բանակցություններ, Թրամփի անվտանգության հարցերով խորհրդարական Բոլթոնի հայտարարությունը, այսինքն՝ այդ բովանդակային բանակցությունները վարվում են այս բանաձևով, որտեղ տարանջատվում է անվտանգությունը կարգավիճակից։ Սա նշանակում է՝ շփման գծի փոփոխություն՝ առանց կարգավիճակն ամրագրելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում