Բաժիններ՝

Գրքի երևանյան երկրորդ փառատոնին մասնակցում են 30-ից ավելի հրատարակչություններ

Գրքի երևանյան երկրորդ փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի շնորհանդեսներ, ժամանակակից գրականության ընթերցումներ և համերգներ:

«Լավագույնը՝ հայ ընթերցողին» խորագրով անցկացվող Գրքի երևանյան երկրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:

«Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի փառատոնի շրջանակում գործում է ցուցահանդես՝ նվիրված նշանավոր ճարտարապետ, գրքի ձևավորող ու տառաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանին: Փառատոնում ընդգրկվել է հրատարակչություն Արցախից»,- նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը:

Նա շեշտեց, որ Գրքի երևանյան փառատոնն այն հարթակն է, որտեղ ստեղծվում են գրական շատ կարևոր կապեր. գրողները հանդիպում են իրենց ընթերցողներին, հրատարակիչները՝ գրողներին, և դա շատ կարևոր իրադարձություն է: Բուդումյանի խոսքով՝ այդ է փառատոնի փիլիսոփայությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ միայն այս փառատոնի շրջանակում է ամեն հրատարակչություն հնարավորություն ունենում ներկայացնելու իր հայեցակարգը: «Ներգրավվել են ինչպես խոշոր, այնպես էլ մանր հրատարակչություններ»,- հավելեց նա:

«Գրքի երևանյան փառատոնում ներկայացված են 30-ից ավելի հրատարակչություններ: Կան նաև ամսագրերի տաղավարներ: Մեծ ցանկություն ունենք ավելի մեծացնել փառատոնի սահմանները, որպեսզի մասնակցեն ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հրատարակչությունները»,- ասաց փառատոնի կազմակերպչական անձնակազմի անդամ, գրականագետ Անի Հովնանը:

Նա շեշտեց, որ սպասվում են Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների ժողովածուի, Վահե Արսենի, Լևոն Շահնուրի և այլ հեղինակների գրքերի շնորհանդեսներ:

Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի կունենա «Գրքի երևանյան փառատոնի» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Այս անվանակարգերում փառատոնը ստացել է 167 հայտ:

Փակման հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան Լևոն Մալխասյանը և «Մալխաս» ջազ բենդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս