«Այս իշխանությունը զբաղված է միայն երկրի ներսում իր հեղափոխության հաղթանակը լիովին ապահովելով` ի հաշիվ մեր պետականության և Արցախի». Դավիթ Շահնազարյան
«Հայելու առաջ» հաղորդման ընթացքում, խոսելով Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը նշեց, որ ԱՄՆ-ի հետ որևէ օրակարգ ներկայիս կառավարությունը չի կարողանում ձևավորել:
«Սեպտեմբերին Հայաստանում էր գտնվում ԱՄՆ նախագահի` արտաքին հարաբերությունների հարցով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի այցից մի քանի օր հետո Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն անում է սենսացիոն հայտարարություն` ասելով, որ աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով հնարավոր է, որ փակվեն Հայաստանի սահմանները Իրանի ու Վրաստանի հետ, վերջինիս հետ` նաև պայմանավորված եղանակային պայմաններով: Այն մարդուն, ում մտքով նման բան կարող է անցնել, պետք է պետական կառույցներից հազարավոր կիլոմետրերով հեռու պահել: Այդ օրերին ես համաժողովի էի մասնակցում Բաթումիում, և երեկոյան ճաշի ժամանակ վրացի նախարարներ, եվրոպացի, ամերիկացի գործընկերներ խնդրեցին մեկնաբանել այդ հայտարարությունը: Ես ասացի, որ նման բան չի կարող լինել ու զանգահարեցի Երևան, որտեղից հաստատեցին լուրը: Դրանից հետո, հավատացեք, Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անհասկանալի է դարձել թե Թբիլիսիի և թե Թեհրանի համար»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ հարաբերություններին, Դ. Շահնազարյանը հիշեցրեց բրյուսելյան հայտնի պատմությունը` Եվրոպայում հեղափոխությունը նյութականացնելու փորձի հետ կապված, ու ներկայացրեց եվրոպացի մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցից մի հատված, երբ վերջինս այդ պաշտոնյային հայտարարել է, որ ինքը լեգիտիմ իշխանություն է, ինչին վերջինս պատասխանել է, որ իրենք միշտ էլ լեգիտիմ իշխանության հետ են աշխատել: Սրան ի պատասխան` Փաշինյանն ասել է. «Իսկապե՞ս… Սա ծիծաղելի է»:
«Դուք զգո՞ւմ եք, որ Փաշինյանն ընդհանրապես Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված պայմանագրի մասին չի խոսում: Եվրամիության ներկայացուցիչները խոսում են, ինքը` ոչ, որովհետև դա իրեն չի հետաքրքրում: Ավելին, իշխանությունը չի էլ պատկերացնում ինչ անել այդ պայմանագրի հետ, այնինչ դա շատ լուրջ փաստաթուղթ է և կարող էր լինել իր քաղաքական ու տնտեսական ծրագիրը: Այս իշխանությունը զբաղված է միայն երկրի ներսում իր հեղափոխության հաղթանակը լիովին ապահովելով` ի հաշիվ մեր պետականության և Արցախի»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը:
Վերջինս նկատեց, որ արտաքին քաղաքականությունը ցանկացած երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, և ինքը չի հասկանում, թե այս իշխանությունների վարած ապաշնորհ գործելակերպը պրոֆեսիոնալիզմի պակա՞ս է, թե՞ դիտմամբ իրականացվող քաղաքականություն: