«Սիրիա զորախումբ ուղարկելու որոշմամբ Փաշինյանը Հայաստանը դարձնում է թիրախ իսլամական ահաբեկչական տարբեր խմբերի համար». Դավիթ Շահնազարյան
«Հայաստանի բոլոր 3 նախագահները մեզ համար այնպիսի վտանգավոր ռևերանսներ չեն արել` ի օգուտ Ռուսաստանի, որքան ներկայիս վարչախումբը: Ինչքան էլ ռազմավարական դաշնակցություն լինի, պետություններն ունեն իրենց շահերը և իրենց հակասությունները: Առնվազն 4 անգամ Սերժ Սարգսյանին առաջարկվել է զորախումբ ուղարկել Սիրիա, բայց նա չի համաձայնել: Նիկոլ Փաշինյանը դա ընդունեց: Երբ ասում են, որ դա հումանիտար առաքելություն է, հերթական անգամ խաբում են մեր հասարակությանը, որովհետև դրա համար կան Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններ, բայց եթե այնտեղ զորախումբ և զինվորականներ են գնում, դա լրիվ այլ կարգավիճակ է: Սա նաև օրենքի կոպտագույն խախտում է, որովհետև այս որոշումը պետք է հաստատվեր Խորհրդարանով»,- Անժելա Թովմասյանի` «Կենտրոն» Հ/Ը-ով հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս կարծում է, որ այս քայլը չափազանց լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ: Սիրիա մտնելը վտանգավոր խաղի մեջ մտնել է նշանակում, դրա համար էլ ՀԱՊԿ-ի մյուս երկրները չեն էլ քննարկում դա: Բացի դրանից, շատ հավանական է, որ այդ գործողությունների արդյունքում մենք հայտնվենք ԱՄՆ պատժամիջոցների տակ: Եվ երրորդ, նման քայլով Փաշինյանը Հայաստանը դարձնում է թիրախ իսլամական ահաբեկչական տարբեր խմբերի համար:
«Սա մեծագույն զիջումն էր, որ նա կատարեց Ռուսաստանի համար և դրանով շատ մեծ սպառնալիքի տակ դրեց մեր անվտանգությունը: Ավելին, եթե մեր զիվորականները միջպետական պայմանագրով չեն հայտնվում այնտեղ, միջազգային հանրության աչքում նրանք օկուպանտների դեր են ստանձնում: Փաշինյանը մի քանի սխալ քայլեր կատարեց, որոնք Ռուսաստանի կոշտ արձագանքին արժանացան, և դրանք հարթելու համար նա գնաց այս քայլին: Բայց… Դեռ չի եղել այնպիսի դեպք, երբ Ռուսաստանի նախագահը հանդիպի Հայաստանի ղեկավարի հետ, և դրանից հետո ճաշ չլինի. Նիկոլ Փաշինյանի դեպքում սա առաջին անգամ էր, որ նման բան եղավ: Քաղաքականության ու դիվանագիտության մեջ ընդհանրապես մանրուքներ չեն լինում, և նա այսօր առնվազն խիստ անհասկանալի և անվստահելի գործընկեր է»,- նկատեց ԱԱԾ նախկին տնօրենը: