«Հայաստանն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ՀԱՊԿ-ում»․ ինչ սպասել դեկտեմբերի 6-ին

«Եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, ապա հրապարակային չպետք է ներկայացնի այդ դժգոհությունները, որոնք, փորձը ցույց է տալիս, որ որևէ արդյունք չեն տալիս, այլ նույնիսկ սրում են հարաբերությունները, քանի որ գործընկերներին վերաբերող թեմաները պետք է քննարկվեն հանդիպումների ժամանակ՝ մինչ հրապարակայնացվելը»,- այս մասին 168.amի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ նիստին և գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ստեղծված տարաձայնություններին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ նիստին Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցի դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը:

«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ։

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշում ՀԱՊԿ-ում դեռ չկա։ Սակայն, ըստ նրա, անդամ երկրների մեծ մասը հակված են, որպեսզի թեկնածությունը ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ կազմակերպությունում նախագահության հերթը Բելառուսինն է, Հայաստանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, անդամ երկրները հակված չեն անընդհատ փոփոխությունների, նաև դեմ են, որպեսզի կրկին ՀՀ ներկայացուցիչը ստանձնի այդ պաշտոնը՝ ելնելով մի քանի պատճառներից։

Նախ, ըստ նրա, Հայաստանն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ՀԱՊԿ-ում՝ ետ կանչելով իր ներկայացուցիչ քարտուղարին, երկրորդ՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի «պաշտպաններ», որոնք խուսափում են այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչից՝ մտավախություններ ունենալով, որ այն կօգտագործվի ի շահ Հայաստանի ԼՂ հակամարտության հարցում։

Ֆելգենգաուերի կարծիքով, Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում ներքաշվել հակամարտության կարգավորմանը՝ ի շահ Հայաստանի, քանի որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բավականին սերտ են։

«Սակայն անընդունելի է ոչ ՀԱՊԿ անդամ երկրների միջամտությունը ՀԱՊԿ ներքին գործերին, առավել ևս, երբ կա ադրբեջանական ազդեցություն, որը տարածվում է բելառուսական, հարկ եղած դեպքում՝ ղազախական խողովակներով։ Այս հարցում կան խնդիրներ, որոնք կքննարկվեն բարձր մակարդակում։

Այո, ինչպես ՀՀ ղեկավարն է նշում, պետք է քննարկումներ տեղի ունենան ՀԱՊԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների վերաբերյալ։ Պարտավորություններ ունեն ոչ միայն մյուս բոլոր երկրները, այլև Հայաստանը, որի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում նշանակումից հետո ներկայացնում էր ՀԱՊԿ-ն, և կառույցի նկատմամբ հարգանք պետք է լինի բոլոր երկրների կողմից։ Պետք է խրախուսել, որ այս խնդիրները քննարկման առարկա դառնան ՀԱՊԿ-ում, որպեսզի չվտանգեն ո՛չ կազմակերպության շահերն ու հեղինակությունը, և ո՛չ էլ անդամ երկրների»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում գուցե նպատակահարմար է հրաժարվել այդ պաշտոնից՝ մինչև երկրում իրավիճակը կայունանա։

Այնուամենայնիվ, Ֆելգենգաուերի կարծիքով, դեկտեմբերի 6-ին փորձ կարվի լուծել ստեղծված իրավիճակը, բայց ոչ՝ հօգուտ Հայաստանի։

Անդրադառնալով ադրբեջանաբելառուսական սպառազինության գործարքի վերջին համաձայնությանը և ՀՀ դժգոհությանը՝ Ֆելգենգաուերն ասաց, որ, եթե հայկական կողմն ունի դժգոհություններ, ապա հրապարակային չպետք է ներկայացնի այդ դժգոհությունները, որոնք, փորձը ցույց է տալիս, որ որևէ արդյունք չեն տալիս, այլ նույնիսկ սրում են հարաբերությունները, քանի որ գործընկերներին վերաբերող թեմաները պետք է քննարկվեն հանդիպումների ժամանակ՝ մինչ հրապարակայնացվելը։

«Ես չեմ կարծում, որ էական փոփոխություններ կլինեն այդ քննարկումներից, սակայն գուցե դրանք հանգեցնեն նրան, որ ՀԱՊԿ-ում տեղի ունենան փոփոխություններ այդ հարցի վերաբերյալ։ Եթե տեղի չունենան էլ, դրանք հարաբերություններն ավելի անկեղծ հուն կտեղափոխեն։ Նման քննարկումներից հետո հնարավոր չի լինի ոչինչ չփոխել, քանի որ հակառակ պարագան կդիտարկվի անարգանք գործընկերոջ հասցեին։ Բայց զենքի վաճառքի հարցի վերաբերյալ Ռուսաստանն ավելի հանգիստ է, քանի որ Հայաստանին տրամադրում է սպառազինություն անվճար հիմունքներով՝ վարկերով, որոնք չեն վճարվում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Նա համամիտ է ՀՀ ղեկավարության հետ այն հարցի վերաբերյալ, որ պետք է ՀԱՊԿ-ում քննարկումներ տեղի ունենան պարտավորությունների վերաբերյալ։

«Այդ քննարկումները և դրանցից բխող որոշումները չպետք է ուշանան, քանի որ համապատասխան որոշումների, անդամ երկրների դժգոհությունները հարվածում են կազմակերպությանը»,- ասաց ռազմական փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս