Հարկ է հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել
Երկինք համբարձվելուց հետո Քրիստոս Սուրբ Հոգուն ուղարկեց` որպես «մխիթարիչ» և «օգնական» (Հովհ. 14։26, Հռոմ. 8։26):
«Քրիստոս պատգամեց, որ ես գնում եմ, բայց կուղարկեմ Մխիթարիչ Սուրբ Հոգուն, որը ձեզ կառաջնորդի այս կյանքում։ Սուրբ Հոգու շնորհները բազմազան են․ առաջնորդելու շնորհ, թարգմանելու շնորհ, բժշկելու շնորհ և այլն, ուստի կյանքի ամենատարբեր բնագավառներում կարող ենք զգալ Սուրբ Հոգու ներկայությունն ու ազդեցությունը։ Սուրբ Հոգին նաև մխիթարիչ է, հատկապես նրանց համար ովքեր նեղության մեջ են, բայց միևնույն ժամանակ չեն հեռանում Աստծուց», – ընդգծում է Տեր Միքայել քահանա Նուրիջանյանը։
«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8): Համբարձումից առաջ Տերն իր աշակերտներին պատվիրեց մնալ Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը և Իր հրաշափառ Հարությունից քառասուն օր անց համբարձվեց։ Ինն օր հրեշտակների ինը դասերում պաշտվելուց հետո տասներորդ օրը նստեց Հոր աջ կողմում և առաքյալների վրա առաքեց խոստացած Պարգևը՝ Սուրբ Հոգին, որպեսզի առաքյալները, Սուրբ Հոգու շնորհներն ընդունելով, Նրանով առաջնորդվեն դեպի Ավետյաց երկիր և տարածեն Տիրոջ փառքը։ Պետրոսը խոսեց լատիներեն, Փիլիպոսը՝ արաբերեն, Թոմվասը՝ եթովպերեն, Թադեոսը՝ հայերեն և այլն: Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ աշակերտների վրա, ովքեր զորացան ու սկսեցին խոսել այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը:
Սուրբ Հոգին աստվածային Երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի) երրորդ անձն է, որի ներկայությունը քրիստոնյայի կյանքում հաստատվում է նաև Մկրտության ու Դրոշմի խորհուրդներով։ Նա Քրիստոսի մկրտության ժամանակ աղավնակերպ հայտնվեց Հորդանան գետում:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար` հարկ է հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
«Հայրն Արարիչ է, Որդին՝ փրկիչ և Սուրբ Հոգին՝ Մխիթարիչ։ Ամեն քրիստոնյայի կյանքում Սուրբ Հոգու շնորհները մեծ ազդեցություն ունեն, և այս տոնը Սուրբ Հոգով նորոգվելու և շնորհներով լցվելու օր է», – նշում է Տեր հայրը:
Հայ եկեղեցում Հոգեգալստյան տոնը ունի 35 օրվա շարժականություն, ուստի կատարվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ձգվող ժամանակամիջոցի համապատասխան կիրակի օրը:
Հասմիկ Թամամյան
Qahana.am