«Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն լուծարվում է
Կառավարությունն ընդունեց «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին որոշում:
«Մեծամորէներգոատոմ»-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 3-ի որոշման հիման վրա: Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում են ՌԴ «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությանը (ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր ընկերություն), իսկ մյուս 50 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը:
Ընկերությունը ստեղծվել էր ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով: Սակայն ընկերությունը ստեղծման օրվանից փաստացի գործունեություն գրեթե չի իրականացրել, իսկ 2014թ. ապրիլի 1-ից ընկերության գործունեությունը հարկային մարմիններում սառեցվել է:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասով (50000 հատ սովորական բաժնետոմսեր) կողմ քվեարկել ընկերության լուծարման մասին որոշման ընդունմանը: