Բաժիններ՝

«Բյուջե 2019». Ամենասրընթաց հաստատված նախագիծը

2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներին զուգընթաց տեղի ունեցող քաղաքական զարգացումներն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ կասկածի տակ էր հայտնվել նախագծի հնարավոր հաստատումը:

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որով սկիզբ դրվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացին: Քաղաքական այս գործընթացներից անմասն չմնաց նաև տնտեսական դրությունը, և ստեղծվեց մի իրավիճակ, որի պայմաններում Ազգային ժողովը կարող էր չհասցնել հաստատել 2019 թվականի պետական բյուջեն, ինչը կստիպեր կառավարությանը գալիք տարում ծախսերը կատարել նախորդ համամասնությունների հիման վրա: Սակայն գործընթացները զարգացան աննախադեպ արագությամբ: Բյուջեի նախագիծը, որը Փաշինյանը համարեց իներցիոն, մասնագետները՝ զգուշավոր, իսկ ընդիմադիրները՝ հետընթացի, փաստացի լուծարված Ազգային ժողովի կողմից հաստատվեց աննախադեպ արագությամբ և կարճ ժամանակահատվածում:

Առհասարակ, «Պետական բյուջեի մասին» օրինագծի կազմման և ԱԺ ներկայացման կարգն ու ժամանակահատվածը կարգավորվում է Բյուջետային գործընթացի կազմակերպման մասին օրենքով: Դրա համաձայն, կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի հաստատմանը  տվյալ տարվա մեկնարկից առնվազն 90 օր առաջ: Համաձայն ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքի, 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է ԱԺ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ինչը բավարարում է օրենսդրական սահմանված պահանջին:

Պետական բյուջեի նախագծի քննարկումը և հաստատումն իրականացվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, իսկ որպեսզի նախագիծն օրինական ուժ ստանա, այն պետք է հաստատվի ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ՝ նախքան հաշվետու տարվա սկիզբը: Տրամաբանորեն, օրենքի նախագիծն ԱԺ ներկայացնելու և ԱԺ-ի կողմից հաստատվելու ժամանակահատվածն իրենից ներկայացնում է նախագծի քննարկման տևողությունը, որն, ըստ տարիների՝ բավականին տարբեր է եղել:

Առավել լավ հասկանալու համար, թե վերջին տարիներին երբ է ներկայացվել և հաստատվել օրենքի նախագիծը, և քանի օր է տևել քննարկումը, ստորև ներկայացնում ենք 2014-2019 թվականների պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակահատվածի վերաբերյալ ինֆոգրաֆիկան:

Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայից, 2014 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողով է ներկայացվել 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Քննարկման գործընթացը տևել է 72 օր, և հաստատվել է դեկտեմբերի 12-ի նիստում: 8 օրով ավելի պակաս է տևել 2015 թվականին բյուջեի նախագծի քննարկումը, ներկայացված լինելով դարձյալ հոկտեմբերի 2-ին՝ օրենքն ընդունվել է դեկտեմբերի 4-ի նիստում, իսկ քննարկման տևողությունը կազմել է 64 օր:

2016 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը տևել է 69 օր: Նախագիծը ներկայացվել է դարձյալ հոկտեմբերի 2-ին և հաստատվել դեկտեմբերի 9-ի նիստում: Արդեն 2017 թվականին նախագիծն ԱԺ է ներկայացվել սեպտեմբերի 30-ին, ինչի արդյունքում, թեև հաստավել է դեկտեմբերի 8-ին, սակայն քննարկման ժամանակահատվածը կազմել է 70 օր:

Այս տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացվել 2017 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատվել է դեկտեմբերի 8-ի նիստում, որի արդյունքում քննարկման ժամանակահատվածը կազմել է 68 օրացուցային օր:

Գալով առաջիկա տարվա՝ 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը, պետք է կրկին անդրադառնանք հնչած այն կարծիքներին, որոնք կապված էին բյուջեի հաստատման ռիսկերի հետ: Բանն այն է, որ փաստացի լուծարված ԱԺ-ն, հատկապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում, հնարավոր է՝ չկարողանար կազմակերպել հաստատման բնականոն գործընթացը: Սակայն, արի ու տես, որ այն ոչ միայն հնարավոր եղավ, և 2019 թվականի բյուջեն հաստատվեց, այլև այն դարձավ վերջին տարիների ամենասրընթաց հաստատվածը՝ այդպիսով նաև բյուջեի համար ապահովելով ևս մի նոր բնութագրիչ՝ սրընթաց հաստատված: Նախագիծը, ավանդույթի համաձայն, Ազգային ժողով է ներկայացվել հոկտեմբերի 2-ին և հաստատվել նոյեմբերի 22-ի նիստով: Արդյունքում՝ 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը հաստատվեց ռեկորդային արագությամբ՝ 52 օրում:

Հայկ Բեջանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս