«Մենք ուզո՞ւմ ենք, որ էնպիսի ուղերձ հղենք, որ՝ հանգիստ մտեք, հայերին սպանեք, և դրա համար ձեզ ոչ մի բան չի լինի». Նիկոլ Փաշինյանը՝ գերեվարված Կարեն Ղազարյանի մասին
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Նոյեմբերյանում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ հանդիպելու է Ադրբեջանում գերի Կարեն Ղազարյանի ծնողների հետ։
Նրա խոսքով՝ մարդիկ, հատկապես՝ Բարեկամավանի ժողովուրդը, մտավախություն ունեն՝ կապված սահմանի պաշտպանության մակարդակի հետ։ Նա նշեց, որ ԶՈՒ-ի հետ ևս մեկ անգամ այդ հարցը կքննարկի, եթե անհրաժեշտություն լինի՝ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն։
Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ հայկական կողմում, մասնավորապես՝ Արցախում, կա 3 ադրբեջանցի, ադրբեջանական կողմում կա 3 հայ, Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ բոլորին բոլորի հետ փոխանակել. «Թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, շատ նորմալ, հումանիտար մարդասիրական առաջարկ է, և ինչո՞ւ պետք է հրաժարվենք այդ առաջարկից։ Բայց իրականում ամեն ինչ այդքան պարզ չի, որովհետև Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի 2 քաղաքացի դատապարտված են՝ մեկը՝ 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ, որովհետև նրանք Արցախի 2 քաղաքացիներ են սպանել, ընդ որում՝ մի 15 տարեկան տղա՝ իրենց տան մեջ։ Հարցը հետևյալն է՝ իսկ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին Արցախը վերադարձնի Ադրբեջանին։ Կամ տեսաք, երբ Գուրգեն Մահարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան, նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին ադրբեջանցիները։
Եվ պարզ է, որ 2 ոճրագործներին, եթե Արցախի Հանրապետությունը համաձայնի վերադարձնել, նրանք այդ ոճրագործներից նոր Ռամիլ Սաֆարով են կերտելու։ Մենք ուզո՞ւմ ենք էդպիսի բան։ Այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, որ էնպիսի ուղերձ հղենք, որ՝ հանգիստ մտեք, հայերին սպանեք, և դրա համար ձեզ ոչ մի բան չի լինի, 2 տարի կնստեք, հետո կվերադարձվեք, կդառնաք ազգային հերոս։ Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք պատրա՞ստ ենք կրել և ուզո՞ւմ ենք կրել»։
Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ Թուրքիայի կողմից մի պատանի շփոթվել ու անցել էր ՀՀ սահմանը, և ՀՀ-ն առանց նախապայմանների՝ վերադարձրեց նրան։ Ըստ նրա՝ Կարենին փորձում են ներկայացնել՝ որպես դիվերսանտ, բայց տրամաբանական կլիներ, որ ուղղակի վերադարձնեին։ Նա նշեց, որ վարկած կա, որ ոչ թե Կարենը շփոթվել է, այլ ադրբեջանցիներն են մտել ու առևանգել նրան տնից։ Փաշինյանը նշեց, որ դա պետք է քննվի, բայց կարծես թե ապացույցներ դեռ չկան.
«Եթե ապացույցներ լինեն, մեր դիրքերը բանակցային գործընթացում առավել կուժեղացնենք»։
Փաշինյանը նշեց, որ Դուշանբեից հետո Ադրբեջանի նախագահի հետ կոմունիկացիայի ալիք ունեն և դրանով նույնպես Կարենի հարցով զբաղվել ու զբաղվում են, սակայն նրանք պնդում են փոխանակել բոլորին բոլորի հետ։
«Դուք ձեր ձեռքին պահել եք «Վերադարձրեք մեր Կարենին», բայց Կարենը նաև մերն ա, հանկարծ տպավորություն չստեղծվի, թե Կարենն էս հարթակում կանգնածներինը չի։ Ես անկեղծ, բաց ասացի այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։ Դիվանագիտական բոլոր ջանքերը կշարունակենք գործադրել, որ հարցը լուծվի»,- ասաց Փաշինյանը՝ կրկին ընդգծելով, որ դա պարզ հումանիտար հարց է, Ադրբեջանն է աշխարհաքաղաքական երանգներ տալիս, բայց ՀՀ-ն այս հարցն ավելի ու ավելի բարձր կբարձրացնի միջազգային ատյաններում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հուլիսի 15-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Հայաստանի զինուժի դիվերսիոն խումբը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է հատել սահմանը։ Իսկ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայտնաբերել և հետ են մղել, իսկ խմբի անդամներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, գերի են վերցրել։
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։