«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր չէ». Ինչ սպասել դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում
«ՀԱՊԿ-ն աշխատում է իր բնականոն ռիթմով, բայց հրապարակային տարաձայնություններով երկարաձգվող խնդիրները հարվածի տակ են դնում ՀԱՊԿ-ի կայունությունը, հեղինակությունն ու միասնականությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ նիստին և հայ-բելառուսական տարաձայնություններին:
Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ ինչպես և կանխատեսվում էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման թեման լուրջ տարաձայնությունների առարկա դարձավ ՀԱՊԿ-ում: Ըստ նրա՝ սա նաև լուրջ թեմա դարձավ այն պատճառով, որ ՀԱՊԿ նախագահության հերթը Բելառուսինն էր, իսկ Բելառուսի նախագահը նման հարցերում անզիջում է, հատկապես, երբ Հայաստանը կամովի «հնարավորություն տվեց» կրճատել ՀԱՊԿ-ում իր Հայաստանի նախագահության ժամկետը։
«Բելառուսի նախագահի դիրքորոշմանն աջակցում է նաև Ղազախստանի նախագահը, որի մասին նա խոսեց բաց տեքստով Աստանայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստից անմիջապես հետո, իսկ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունի, քանի որ իր ռազմավարական գործընկերը ցանկանում է շարունակել նախագահել, որին դեմ են իր մյուս գործընկերները: Ռուսաստանը չի ցանկանում իր մեկ գործընկերոջ հաշվին մեկ այլ գործընկերոջ օգտին հանդես գալ, որը ճիշտ չի լինի, հատկապես, երբ որոշ ընթացակարգեր խախտվել են, և հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարընթերցումներ կան՝ պայմանավորված ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությամբ:
Կարծում եմ` առաջիկայում Սանկտ Պետերբուրգում ևս հարցը չի լուծվելու, քանի որ կողմերը կոնսենսուսի չեն գալու: Վստահ եմ, որ ընտրություններից առաջ ՀՀ իշխանություններն իրենց դիրքորոշումից չեն հրաժարվի, իսկ Լուկաշենկոն, հաշվի առնելով բելառուսաադրբեջանական պայմանավորվածությունները և իր քաղաքական կերպարի բնույթը, ցանկանում է շուտ ստանձնել իր նախագահությունը՝ հույս ունենալով, որ քարտուղարի պաշտոնը նաև կկարողանա օգտագործել՝ ի օգուտ Ադրբեջանի, ինչը, ըստ էության, անհնար է, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մակարդակով: Սակայն հարցի շուրջ կոնսենսուսի հետաձգումը, ինչպես տեսանք, է՛լ ավելի է սրում կողմերի դիրքորոշումները, և ժամանակն աշխատում է ընդդեմ այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:
Նրա խոսքով, հարցը Հայաստանի օգտին չի լուծվի: «Եթե լուծվեր, ապա կլուծվեր Աստանայում: ՀԱՊԿ ղեկավարները, ըստ էության, հայկական կողմին առաջարկում են չշարունակել նախագահությունը, քանի որ ներքաղաքական փոփոխությունների փուլում ՀԱՊԿ-ում նման պատասխանատվությունը հավելյալ բեռ է ՀՀ իշխանությունների վրա, և սա նաև լավ արդարացում կարող է դառնալ ՀՀ իշխանության համար հասարակության առջև: Բելառուսի նախագահի վերջին դիտարկումներից մեկն այն մասին էր, որ հայկական կողմը պետք է մտածի այդ առաջարկի շուրջ և պատասխանի Սանկտ Պետերբուրգում: Բայց քանի որ Փաշինյանը մի քանի անգամ պնդել է, լուրջ արդարացում է հարկավոր հրաժարվելու համար այդ պնդումից: Իրականում իրավիճակը բարդ է, քանի որ այս հարցում կոնսենսուսի հնարավորություն ներկայումս չկա: Բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր չէ, դա ամենակարևորն է»,- նման համոզմունք հայտնեց Լուկիանովը:
Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական փոփոխություններին և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Լուկիանովն ասաց, որ ՌԴ իշխանությունները ճիշտ մոտեցում են որդեգրել այս փոփոխությունների հարցում: Նրա գնահատմամբ՝ քաղաքական ակտիվ համագործակցություն չկա, խաղադրույքներ այս կամ այն ուժի վրա չեն արվում:
«Ռուսաստանի իշխանությունները, իմ կարծիքով, իրավիճակը ադեկվատ են գնահատում, հասկանում են, որ փոփոխություններ են դեռ սպասվում, և ներկայիս պատկերը դեռևս ամբողջական չէ: Ուստի հարկավոր չէ հստակեցնել քաղաքականությունն այս իշխանությունների նկատմամբ: Նշում եմ՝ իշխանությունների, քանի որ հայ-ռուսական ծրագրերը և հարաբերությունների բովանդակությունն անփոփոխ է: Ապագայում դա կախված կլինի ՀՀ նոր իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից»,- ասաց նա:
Ռուս քաղաքագետի կարծիքով, ապագա խորհրդարանում գործող իշխանությունը կունենա մեծամասնություն, սակայն ներկայացվածություն կունենա նաև ընդդիմությունը: Անդրադառնալով խիստ հակառուսական դիրքորոշում ունեցող «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությանն ընտրություններին` Լուկիանովն ասաց, որ վերոնշյալ կուսակցության հետ կապված՝ առավել անհանգստացնող է ռադիկալիզմը, քան հակառուսականությունը:
«Արմատականությունը խնդիր է, այդ թվում՝ խնդիր է նաև իշխանության համար: Եթե ՀՀ իշխանությունները ցանկանան փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունների որակը, կօգտագործեն այս կուսակցությանը, եթե՝ ոչ, այդ կուսակցության հայտարարությունները կմնան հայտարարությունների մակարդակում և հասարակության շրջանում ևս տրամադրություններ չեն առաջացնի, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները հասարակությունների մակարդակով վատ չէ»,- ասաց Լուկիանովը: