Ծիսական երթ առանց քաղաքական օրակարգի. որն է գործառութային թիրախը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, հայտարարում են, թե երթի նպատակը ընտրակաշառքը մերժելն է: Սա, իհարկե, թույլ փաստարկ է՝ հաշվի առնելով, որ անհնար է մերժել մի բան, որն այլևս չկա, կամ առնվազն իշխանությունը երաշխավորել է, որ չկա:
Ավելին՝ իշխանությունն ունի բոլոր պաշտոնական լծակները ընտրակաշառքը բացառելու համար, և երթը չէ, որ պետք է դառնա ընտրակաշառքի մերժման հիմնական գործոն:
Հոկտեմբերի 2-ի հանրահավաքն, օրինակ, ուներ շատ կոնկրետ գործառույթ՝ դիմադրություն ցույց տալ ԱԺ-ում քննարկվող կանոնակարգ օրենքին ու առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը: Այս երթը, սակայն, տեղի է ունենում մի իրավիճակում, իրերի այնպիսի դասավորության պայմաններում, որ որևէ գործառութային նշանակություն գտնելը դժվար է: Առավելապես գործ ունենք հեղափոխության ծիսականացման հետ: Ինքը՝ Փաշինյանը, ուղերձում նույնիսկ նշեց, որ կարոտել է բոլորին ու երթը լավ առիթ է հիշելու հեղափոխության ժամանակները:
Ընդհանրապես ծիսականությունը չի առաջանում հենց այնպես, օդից: Ծեսը, հիշողությունը, վերապրումը անցյալում որևէ գործառույթի, առօրեական որևէ գործողության մասին մեր հիշողություններն են: Ինչպես, օրինակ, խաշ ուտելը: Հիմա է, որ խաշը դարձել է ծես:
Նախկինում այն աղքատների համար կենցաղավարման ձևերից մեկն էր, երբ առավել հարուստները ուտում էին կովի միսը, իսկ ոտքերը մնում էին աղքատներին: Ժամանակի հետ, սակայն, խաշի գործառութային, կենցաղային նշանակությունն ու անհրաժեշտությունը դուրս է եկել, մնացել է միայն ծիսականությունը: Մոտավորապես նույնն է, երբ մենք հիշում ենք 90–ականները ռոմանտիկ երանգներով: Մոմի լույսի տակ գիրք կարդալը, փայտե վառարանի շուրջ հավաքվելը, սակայն, հիմա են, որ հիշվում են գունավոր, ռոմանտիկ երանգներով: Նախկինում դրանք իրավիճակից բխող ծանր դրսևորումներ էին:
Մոտավորապես հենց այս համեմատությունների կոնտեքստում էլ կարող ենք պատկերացնել այսօր սպասվող մեծ երթը: Հեղափոխական գործիքակազմն այլևս մտնում է ծիսականացման փուլ, ինչը ոչ թե լավ է կամ վատ, այլ տրամաբանական է: Այդ գործիքակազմը սպառել է իր թիրախները, իրականացրել է հեղափոխություն, հասել է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի բավարարմանը:
Հենց այստեղ, այս ջրբաժանին է, որ որոշվում է՝ հեղափոխությունն ամբողջությամբ է ծիսականացվում, ամբողջությամբ է ավարտում իր գործառութային նշանակությունը, թե ավարտվում է դրա միայն մի փուլը:
Այսքանով հանդերձ, պետք է նշենք, որ չնայած այսօրվա երթը կրում է առավել ծիսական բնույթ, այնուամենայնիվ կա, այսպես ասած, գործառութային փոքրիկ թիրախ: Խոսքը եղած ռեսուրսը մոբիլիզացնելու մասին է, հասկանալու այդ ռեսուրսի սահմանները, շոշափելու հանրության տրամադրությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: