«Պետք է ուսումնասիրել Որոտանից ջրի տեղափոխման նպատակահարմարությունն ու հնարավորությունները». Էրիկ Գրիգորյան
«Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանից հավելյալ ջրառ չլինի: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հէկ-երը ձմռան ամիսներին ջրամբարներից ջուր են վերցրել, ինչի պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել, առաջացել է լրացուցիչ ջրառի պահանջ: Կարևոր է այն, թե ջուրն ինչպե՞ս, ինչքա՞ն և ո՞ւմ է հասնում: Ջրօգտագործողներ կան, որ 10-յակ տարիներ չեն հաշվառվել: Հիմա պետք է հստակ հասկանալ՝ ինչքա՞ն ջուր է պետք, հետո տեսնել դրա առկայության աղբյուրները: Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանից ջուր չվերցնենք՝ հաշվի առնելով այն, որ Արփա-Սևանից լրացուցիչ ջրի մուտք ենք ակնկալում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Հարցին, թե ի՞նչ վիճակում է Որոտան-Արփա-Սևան հանգույցը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց.
«Որոտան-Արփան երբևիցե չի օգտագործվել, սակայն ջրերը, որոնք որ թափվում են բետոնե թունելում, տարեկան մոտ 5 միլիոն խորանարդ մետր են կազմում: Ինչ վերաբերում է Արփա-Սևանին, ապա տարեկան մոտ 100 միլիոն խմ-ի շրջանակներում այս տարիներին ևս մուտք է եղել Սևանա լիճ, սակայն, շինարարական ծրագրերի համաձայն՝ 2019 թվականի ապրիլին ամբողջովին պետք է ավարտվեն վերանորոգման աշխատանքները, որից հետո մոտ 250 միլիոն խմ տարեկան ջուր հնարավոր կլինի տեղափոխել Սևանա լիճ: Ի դեպ, Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման հետ կապված ուսումնասիրություններ էինք կատարել և տեսել էինք, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ նույն աշխատանքը կատարված էր 2011թ., հետո՝ 2014 թվականի ծրագրով: Մենք 117 միլիոն դրամի պայմանագիրը լուծարել ենք և նախատեսում ենք, որ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ կիրականացվեն՝ համապատասխան ջրածածկ տարածքների և ըստ անհրաժեշտության»:
Դիտարկմանը՝ բնապահպաններն ահազանգում են, որ հէկ-երը թույլ չեն տալիս, որ ջուրը մինչև Արփա հասնի, Էրիկ Գրիգորյանը նկատեց.
«Որոտան ՀԷԿ-ի կասկադի հետ կապված՝ միգուցե մտահոգությունները կան: Կարծում ենք՝ պետք է ուսումնասիրել Որոտանից ջրի տեղափոխման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Երբևէ չի դիտարկվել Որոտանից ջուր տեղափոխելու հարցը վերջին 15 տարիների ընթացքում»:
Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև Թեղուտի հանքի շահագործման մասին:
«Վերջին պարզաբանումն այն է եղել, որ պատվարի հետ կապված խնդիրներ կան, և շահագործում չեն կարող իրականացնել: Այլ տվյալների չենք տիրապետում, քանի որ տեսչական մարմնի բոլոր գործառույթները դուրս են եկել նախարարության իրավասությունների շրջանակներից: Կա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա էին բնապահպաններ, ովքեր դժգհեցին՝ընդգծելով, որ հ/կ-ների հետ կապերի խզում են նկատում:
«Մեր կարծիքով՝ մթնոլորտ է փոխվել, և հասարակության հետ կապերն ավելի պետք է ամրանային, սակայն՝ ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլև՝ բոլոր ոլորտներում են կապերը խզել»,- ասաց Սիլվա Ադամյանը:
«Կոչ եմ անում քննադատել մեզ, բայց այն պետք է լինի բովանդակային: Ոչ թե գանք, հավաքվենք, ու ինչ-որ մեկը 2 ժամ պատմի, թե ի՞նչ ծրագիր է կատարում»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:
Անի Կարապետյան