«Մեր լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու, այլ նաև կրթելու, դաստիարակելու ֆունկցիա». Արամ Սաֆարյան
Լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու և կրթելու, այլ նաև դաստիարակելու գործառույթ: Քաղաքական առճակատումների, բևեռների միջև մրցակցության պայմաններում մեդիան պետք է ունենա նաև ուղղորդող գործառույթ:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը նման տեսակետ հայտնեց «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում:
«Աշխարհը շատ արագ է փոփոխվում: Վերջին տարիներին մենք մտել են մի նոր փուլ` տեղեկատվական և կիբեռպատերազմների: Այդ պատերազմներն ունեն նաև քարոզչական պատերազմների տեսք, աշխարհում պայքար է ընթանում աշխարհաքաղաքական բևեռների միջև: Քաղաքագետներն ասում են, որ առաջիկայում ևս տեսնելու ենք քաղաքական առճակատում, բևեռների միջև մրցակցություն: Եվ ուզում են Հայաստանին դրանց մաս դարձնել. աշխարհը փոխկապակցված է: Եվ դրա համար մեր լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու, այլ նաև կրթելու, դաստիարակելու ֆունկցիա: Մենք մոռացել ենք այդ ֆունկցիայի մասին, քանի որ կածում ենք, թե մեզ կմեղադրեն պրոպագանդայի մեջ»,- ասաց Սաֆարյանը:
Նա նկատեց, որ այս առումով CNN-ի և BBC-ի աշխատելաոճի զինանոցից կարելի է որոշ բաներ փոխառել: Սաֆարյանը հիշեց, որ ԽՄ փլուզումից հետո լրատվամիջոցները դարձան պարզապես մտքերի, գաղափարների փոխանցող, հրաժարվեցին պրոպագանդայի ֆունկցիայից: Սակայն նրա կարծիքով` քաղաքական առճակատումների շրջանում լրատվությունը պետք է մոբիլիզացնել: «Լրատվությունը պետք է մոբիլիզացնենք, որ այն միաժամանակ լինի տեղեկացնող, սովորեցնող և ուղղորդող»,-նկատեց Սաֆարյանը:
Իշխանությունը պետք է մտածի իշխանություն-ընդդիմություն, իշխանական մամուլ-ընդդիմադիր մամուլ լուրջ երկխոսության մասին: Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունը պետք է իրեն տեր զգա ոչ թե մի խումբ մարդկանց, այլ ողջ Հայաստանի, ողջ հայության համար, միայն այդ դեպքում կարելի է ունենալ առաջադիմություն: