Բաժիններ՝

«ֆեյք» նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում. Սաթիկ Սեյրանյան

Աշխարհում, որքան էլ տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները փոփոխվեն, միևնույն է՝ լրագրողական արժեքները նույնն  են մնում: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում ՀՀ Ժուռնալիստների միության  նախագահ Սաթիկ Սեյրանյանը վստահեցրեց, որ լրագրողի առաքելությունն ուղղված է աշխարհը,  շրջապատող միջավայրը  ավելի լավը դարձնելուն:

«Մենք ապրում ենք թվային մտածողության, նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում; Լրագրողների առաքելությունը, սակայն, նույնն է բոլոր ժամանակներում»,- ասաց նա՝ կարևորելով մեդիայի կողմից հավաստի աղբյուրներով տեղեկատվության հաղորդումը:

ՀՀ ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, մնացին ժողովրդի ձայնը՝ գրեթե ամեն վայրկյան տեղեկացնելով, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում, ներկայացնելով մարդկանց տրամադրությունները փոփոխությունների նկատմամբ, հեռացող իշխանության տեսակետները, միջազգային փորձագետների և քաղաքական, տնտեսական գործիչների արձագանքներն ու հասարակության սպասելիքները նոր իշխանությունից:

«Հեղափոխության օրերին «ֆեյք» բառը դարձավ ամենահաճախ գործածելին: «Ֆեյք» լուրերը ոչ միայն մոլորեցնում են մարդկանց, այլև լուրջ վնասներ են հասցնում պրոֆեսիոնալ, իրենց լսարանի նկատմամբ պատասխանատու լրատվամիջոցներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «ֆեյք» նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում:

Նա մտահոգություն հայտնեց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատերը ինֆորմացիան սկսեցին փոխանցել «Ֆեյսբուքի» սոցիալական ցանցում` ուղիղ եթերների միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս լրագրողին հարցեր ուղղել բարձրացված թեմաների շուրջ:

Նա նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, թե սոցիալական ցանցերը և մեդիաները միասին ինչպես կարող են աշխատել, և ինչ վտանգներ կարող են պարունակել նույն ցանցերը «ֆեյք» տեսանյութերի, լուրերի, լուսանկարների առումով:

«Հակամարտությունը շարունակվում է և նման  հակառակորդի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, ինչ կկատարվի ֆեյքային նման նորությունների, պրոֆեսիոնալ և ավանդական լրատվական դաշտի դեֆորմացիայի պայմաններում: Սա մեզ համար, հակամարտություն ունեցող որևէ երկրի համար թիվ մեկ հարցն է»,- հավելեց  Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ մեդիաֆորումի ընթացքում անդրադարձ կկատարվի բարձրաձայնված խնդիրներին:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա-ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս