«Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը. բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն Հայաստանին». Թևան Պողոսյան

«Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձևավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6-ին ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի ներկայացուցիչը չի ընտրվելու, երրորդ երկիրն արդյունքում շահելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար  Թևան Պողոսյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար երկրորդական, նույնիսկ չորրորդական է, Նիկոլ Փաշինյանը չի ակնարկում, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանի ներկայացուցիչը չի ընտրվելու։

Թևան Պողոսյանի կարծիքով՝ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովն էլ կմնա, որը, ըստ նրա՝ երրորդ երկրի ներկայացուցիչն է. «Միգուցե դա է եղել մեր շահը՝ որևէ տեղ որևէ բան զիջելով՝ մի 15 անգամ ավելի բան ստանալ։ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաև հետևյալ արտահայտությունը՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ պարտականություններ ունեն մեր հանդեպ, ինչպիսի պարտականություններ մենք ունենք։ Եթե այդ մարդը չլինի մեր ներկայացուցիչը, բայց մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվել, և սրանից ավելի շատ ենք մենք շահել, միգուցե հենց դա է մեր անվտանգության համակարգին նպաստողը»։

Նա նկատեց՝ Փաշինյանը պարզ և ճիշտ ձևով Բելառուսին ասաց՝ զենք եք վաճառում, որ Երևանի վրա կրակե՞ն. «Ռուսաստանը միշտ ասում էր, որ Ադրբեջանին զենք է տալիս, բայց Հայաստանին էլ է տրամադրում։ Մենք իրականում ՀԱՊԿ-ում գտնվում ենք, որովհետև ՀԱՊԿ-ն է թույլ տալիս մեզ զինամթերք ձեռք բերել Ռուսաստանից՝ ներքին շուկայական գներով։ Մեր երկկողմանի դաշնագրում դա չկա, որովհետև եթե լիներ, միգուցե մեզ ՀԱՊԿ-ը չէր հետաքրքրի»։

Մեր այն հարցին, թե ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակ կա՞, ինչպես որոշ փորձագետներ են նշում, նա պատասխանեց. «Ստեղծվել է ոչ թե ճգնաժամային, այլ մի իրավիճակ, որտեղ Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը։ Եթե ՀԱՊԿ-ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ ինքն իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները ոչ թե չեն ճանաչի, այլ կճանաչեն և կհարգեն, ապա Հայաստանը նպաստեց դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ-ը կհասկանա՝ ինչ պրոցեդուրալ բացթողումներ ունի, որ, ենթադրենք՝ որևէ գլխավոր քարտուղար մահանում է, ի՞նչ է լինելու, նորից հաջորդ երկրի ներկայացուցի՞չն է լինելու։ Այդ պրոցեդուրաները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ-որ քաղաքականություն է որոշվելու, որովհետև ՀԱՊԿ-ը կարող է կամ ավելի հզոր կոլեկտիվ ռազմաքաղաքական միավոր դառնալ, կամ կհասկանա, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է փոխվի այդ կառույցի մեջ, և ինչ-որ այլ լուծումներ կգտնեն։ Այդ հնարավորության դուռը բացեց Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն»։

Կարդացեք նաև

Եթե այդ հնարավորությունը ՀԱՊԿ անդամ երկրները չօգտագործեն, ապա, ըստ Թ. Պողոսյանի՝ այն կմնա այնպիսի թույլ կազմակերպություն, ինչպես հիմա է. «Հետո բոլորն ասելու են՝ դուք ի՞նչ կոլեկտիվ, ձեզ մոտ փակ քննարկման բանը հաջորդը գնում է՝ թշնամուն է պատմում։ Դուք ի՞նչ կազմակերպություն եք, որ գամ անդամակցեմ, իմ գաղտնիքով կիսվեմ, դուք էլ գնաք նույնանման վարքագիծ անեք։ Վաղն էլ Նազարբաևը կհրավիրի Վրաստանի կամ Ուկրաինայի դեսպաններին ու կպատմի, թե ինչ է եղել. Ռուսաստանին դա դուր կգա՞»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը սկսի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին մտածել։ Ի պատասխան՝ նա ասաց, որ ամեն ինչ հնարավոր է. «Խնդիրն այն է, որ դու քո երկրի անվտանգությունը պետք է պահես և քո շահերը լավ գիտակցես»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս