«Կներեք, էդ ի՞նչ բառ ա, էդ ի՞նչ բառ ա». Նիկոլ Փաշինյանը վրդովվեց
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վրդովվեց «խոպանչի» բառից:
«Կներեք, էդ ի՞նչ բառ ա, էդ ի՞նչ բառ ա»,- ասաց նա՝ ի պատասխան «խոպանչիների» հարկման մասին դիտարկման:
Նա պահանջեց, որ նախ՝ արժանապատիվ ձևով դիմեն:
Ն.Փաշինյանը նշեց, որ ՊԵԿ-ը պաշտոնապես ասել է, որ չկա տրանսֆերտների հարկման հայեցակարգ, և չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի համաձայնության: Նա հորդորեց մոռանալ նախկինը, երբ կառավարությունն ասում է՝ այսպես է ու այսպես:
«Այ, հանրապետականները դուրս չեն գալիս ուղիղ եթերից»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ ինքը մի երկու ամիս զբաղված էր և ուղիղ եթեր չի արել, ու ՀՀԿ-ականներն ակտիվացել են:
«Ես կվերադառնամ, մի անհանգստացեք»,- հուսադրեց նա:
Փաշինյանը նշեց, որ ուզում են ունենալ կրկնակի հարկումը բացառող օրենքներ բոլոր երկրների հետ: Նրա խոսքով՝ հայտարարագրի գաղափարի որևէ տող որևէ տեղ գրված չի, այն կքննարկվի, կլինի ընդհանուր մոտեցում. «Ես երբեմն զգում եմ, որ մեր փորձագիտական որոշ շրջանակներ ուզում են այսպիսի տրամաբանություն առաջ քաշել՝ այ, ոչ մեկը պետք է հարկ չվճարի, նույնիսկ ստվերն օգտակար է, բայց ռազմական ծախսերը, թոշակները, աշխատավարձերը և այլն, պետք է բարձրացվեն: Պետական եկամուտները ձևավորվում են բոլորի հարկերի հաշվին, երկիրն ունի կարիքներ, որոնք պետք է հոգալ»:
Փաշինյանն անդրադարձավ իր խոսքին ի պատասխան հնչած քննադատություններին, իբր մարդիկ ծույլ են, չեն ուզում աշխատել, և շեշտեց, որ ինքն ասել է, որ թույլ չեն տվել աշխատեն: Ըստ նրա՝ նախորդ քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդը չաշխատի, ընտրություններից առաջ 5000 դրամ տան, իրենց կամքը կատարի: Փաշինյանի բնորոշմամբ՝ տառեր չիմացողները նախարարին մեղադրում են տառասխալի համար. «Մեր մի ճշմարտությամբ կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին: Եվ եթե ձեզ թվում է, որ ձեր թալանած փողերով կարող եք ընտրություն անցկացնել, ոչ, չեք կարող»: