«Մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ պետք է իմ հարազատին ուղարկված գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տրանսֆերտների հարկմանը դեմ է եղել թե՛ նախորդ իշխանությունների ժամանակ, թե՛ ներկայիս: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով ՊԵԿ-ի նախագծին՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրում մտցնել և հարկել նաև տրանսֆերտները, Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ տրանսֆերտները մեր երկրի համար լուրջ նշանակություն ունեն դեռևս 90-ական թվականներից, դրանց շնորհիվ է Հայաստանը պահպանել իր կայունությունը:
«Համենայն դեպս մենք դրան շատ ուշադիր պետք է վերաբերվենք»,- ասաց Վ.Բաղդասարյանը՝ նկատելով, որ այդպիսի փոփոխության դեպքում տրանսֆերտների ստացման օրինական ճանապարհները կվերանան, մարդիկ իրենց հարազատների օգնելու համար կգնան զարտուղի ճանապարհով, և պաշտոնապես ուղարկվող տրանսֆերտների քանակը կնվազի. «Ինձ թվում է, մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ»:
Ըստ նրա՝ նման փոփոխությունը լուրջ սոցիալական դժգոհություններ կառաջացնի. «Իհարկե, հանրությանը դժվար է բացատրել: Այսօր միտինգում կանգնած մարդկանց 70%-ը ուզում է հարկեր չվճարել, ուզում են աշխատավարձ և թոշակ բարձրանա, բայց հարկեր չտան: Նրանց դա չի հետաքրքրում, կոնկրետ եկամտի մասին են մտածում, թե ինչո՞ւ պետք է իմ հարազատին ուղարկված գումարը մի հատ էլ եկամտահարկով հարկվի: Եվ մեծ դժգոհություն է առաջացնելու»:
168.am-ի դիտարկմանը, որ սրանով փաստորեն ներկա իշխանությունը շարունակում է ՀՀԿ-ի գործը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ միայն սրանով»: Նա ուշադրություն դարձրեց նախորդ կառավարության եռամյա ծրագրին ու հաջորդ տարվա բյուջեին, որ գրեթե նույնական են.
«Փաստաթղթում որևէ հեղափոխական քայլ ցույց տվեք: Գնանք խոստումներին՝ կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացում, ներդրումների հեղեղ, ներգաղթ, ավելի մանր գործերի հետ կապված՝ կարմիր գծերի ու տեսանկարահանող սարքերի վերացում և այլն: Կա՞ն նախադրյալներ, տողեր բյուջեում, որ այդ խոստումներին ընդառաջելու են: Ես չեմ տեսնում, սա պարզապես շարունակական է: Հեղափոխությունից հետո իներցիոն բյուջե չի կարող լինել, սա հետքայլ է պարզապես: Թվերը, իրավիճակը ճիշտ չի ներկայացվում առաջին դեմքին, և մեզ էին ասում, այստեղ պետք է շրջապատը փոխել, լուրջ մասնագետներով շրջապատվել: Ես ցավ եմ ապրում, շատ մեծ վտանգ եմ տեսնում, թե ինչ կոնտինգենտ է լցվելու ապագա ԱԺ-ն ու կառավարությունը: Հարցերը շատ են, համբերենք, կտեսնենք: Տա Աստված, ամեն ինչ լավ լինի»: