ԲՀԿ-ն վախենո՞ւմ է Փաշինյանին ընդդիմադիր լինել

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների է գնում իր ծրագրերը ներկայացնելու, իսկ ժողովուրդը կորոշի՝ ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում»: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հրաժարվելով նշել՝ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ գնում է իշխանություն վերցնելու: Ըստ նրա՝ նման հայտարարությունները տեղին չեն, թե որերորդ տեղի համար են պայքարում:

«ԲՀԿ-ն փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ նոր խորհրդարանում, որովհետև այն ծրագրային մոտեցումները, որոնք մենք ենք առաջարկելու մեր ժողովրդին, դրանք մեր երկրում պետք է իրականություն դառնան: Եվ այն կադրային ներուժը, որը ներգրավված է ԲՀԿ ցուցակներում, նրանց նպաստը մեր երկրին բերելը շատ կարևոր կլինի, և դրա արտացոլանքը շատ մեծ է լինելու»,- ասաց Վ.Էնֆիաջյանը՝ շեշտելով, որ որոշողը ժողովուրդն է:

Հարցին ի պատասխան, թե դուք վախենո՞ւմ եք Փաշինյանին ընդդիմադիր լինել, Էնֆիաջյանը պատասխանեց, որ վախերի մասին խոսելը տեղին չէ, ԲՀԿ-ն վախի զգացողություն չի ունեցել, ունի պատասխանատվության զագացողություն, իսկ բացերի մասին շատ կոշտ կխոսեն:

ԲՀԿ-ն չի որոշել՝ կոալիցա կկազմի՞ «Իմ քայլը» դաշինքի հետ, թե՞ ոչ: Էնֆիաջյանի խոսքով՝ նման հարցերը որոշում է ԲՀԿ քաղաքական խորհուրդը, ընտրություններից հետո քաղաքական խորհուրդն ու թիմը կքննարկեն հետագա գործունեության հետ կապված հարցերը:

Քննադատությունները, թե ԲՀԿ-ի հետևում գաղափար չկա, Վ.Էնֆիաջյանի կարծիքով՝ ևս տեղին չեն, ԲՀԿ-ն ծրագրեր ունի, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ իր կապերն է օգտագործում տնտեսության զարգացման համար:

«Այս կամ այն հարցերի հետ կապված մենք մեր տեսակետը հայտնել ենք, հետագայում էլ մեր ձեռնագիրը չի փոխվելու»,- ասաց Էնֆիաջյանը:

Տեսանյութեր

Լրահոս