«ԱԺ-ն էապես կտարբերվի նախորդներից, նոր դեմքեր կլինեն, բայց անորոշությունը շատ է, թե ինչ ուղիով կտանեն երկիրը». Արմեն Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջիկա ընտրություններում խախտումների հին մեթոդները կիրառելու փորձեր չի տեսնում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց, որ իշխանությունները դրա կարիքը չունեն՝ ներկայիս պաթոսի պայմաններում:
«Այս պաթոսը լուրջ առավելություններ տալիս է կոնկրետ մեկ քաղաքական ուժի: Առավել սրել և ուղղորդել կարիքը չկա»,- ասաց նա:
Ա. Ռուստամյանը նշեց, որ իրենց համար այս ընտրությունները չեն լինելու հիմնական միջոցը՝ գնահատելու՝ ՀՀ-ում հաստատվե՞լ է ժողովրդավարության, թե՞ ոչ: Նա հիշեցրեց, որ 90-ականների ընտրությունները շատ ժողովրդավար են եղել, բայց հետո երկիրը չի կարողանում գտնել ժողովրդավարական ընթացքը: Նրա կարծիքով՝ հաջորդ ընտրությունների ժամանակ կերևա՝ ժողովրդավար կանցնե՞ն, թե՞ ոչ, բայց հիմա չի նշանակում, որ ունենք անշրջելի ժողովրդավարության ընթացք: Նրա կարծիքով՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որ լավ ընտրություններ լինեն:
Ա. Ռուստամյանը շեշտեց, որ ՀՅԴ-ն այլևս չպետք է մաս կազմի այնպիսի կոալիցիայի, որում որոշիչ ձայն չունի: Նա օրինակ բերեց 2003թ. իրենց ջանքերով ընդունված օրենքը, որ ՀՀ սոցիալական քաղաքականությունը հիմքում ընդունում է կենսապահովման զամբյուղը, բայց դրա բաղադրությունը և մնացած խնդիրները պետք է լուծեր կառավարությունը, բայց քանի որ ՀՅԴ-ն չուներ ինքը վճռական ձայնի իրավունք, այդ խնդիրն այդպես էլ մնաց չլուծված, սոցիալական քաղաքականությունը շեղվեց, և այժմ ճիշտ չի գնահատվում, թե աղքատությունն ինչ ծավալ է կազմում Հայաստանում.
«Այդ թվերը, ըստ մեզ, երկու անգամ ավելի պետք է լինեն, եթե նկատի ունենանք կենսապահովման նվազագույն բյուջեն»:
«Եթե «Իմ քայլը» կունենա մեծամասնություն, և իշխանություն կձևավորվի, ՀՅԴ-ն կլինի ընդդիմություն»,- ասաց նա:
Ա.Ռուստամյանը նշեց, որ Աժ-ն էապես կտարբերվի նախորդներից, նոր դեմքեր կլինեն, բայց անորոշությունը շատ է, թե ինչ ուղիով կտանեն երկիրը: Նրա խոսքով՝ նախկին կանխորոշվածությունն էլ մի բան չէր, բայց հիմա կտրուկ փոփոխությունների հնարավորությունը մեծ է, բայց անորոշությունն էլ է շատ մեծ: Նա նշեց, որ իրենց դերը տեսնում են, որ անցումն անցնցում կատարվի, նույն պատմության մեր սխալները չկրկնվեն: Ռուստամյանն այս իրավիճակը նմանեցնում է 90-ականներին:
168.am-ի հարցին, թե ե՞րբ կլինեն հաջորդ ԱԺ հաջորդ ընտրությունները, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Շատ կուզենայի, որ 5 տարի հետո լիներ, մեր երկիրը մտներ կայուն ընթացքի մեջ, նոր լարվածություններ չլինեին, այն էլ՝ այս խառը միջազգային վիճակում, ամեն ինչ ջնջելու և նորից սկսելու կարիք չլիներ»:
Ըստ նրա՝ մերժումից պետք է անցնել զարգացման, ու թեև մեծ է գայթակղությունն արատավորը պահելու, բայց պետք է դրանք մերժել և եղածին մի բան ավելացնելով՝ առաջ գնալ: «Հուսով եմ, որ այս գիտակցությունը դոմինանտ կլինի, և հաջորդ ընտրությունները կլինեն 5 տարի հետո»,- ասաց Ռուստամյանը: