«Ներկայիս ընտրահամակարգը  կուսակցությունների և դաշինքների ներսում բոլորին դարձրել է մրցակիցներ». Արտակ Զեյնալյան

«Պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ դրանք լինեն պատմության մեջ լավագույնը, և արդյունքները որևէ կասկած չհարուցեն, սա ամենակարևորն է։ Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք անցկացնելու նման ընտրություններ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Նրա խոսքով՝ցանկացած կուսակցություն, մեկը մյուսից տարբերվող դաշինք, բոլորը միմյանց մրացակիցներ են, քանի որ ներկայիս ընտրահամակարգը կուսակցությունների և դաշինքների ներսում բոլորին դարձրել է մրցակիցներ։

Ա. Զեյնալյանն այս ընտրություններում ակնկալում է «Մենք» դաշինքի հաղթանակը:

Անդրադառնալով այն հարցին, թե ընտրություններին ի՞նչ կարգավիճակով է մասնակցելու՝ արձակո՞ւրդ է վերցնելու, թե՞ պաշտոնից հրաժարական կտա, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ այս պահին քննարկվում է արձակուրդ վերցնելու հարցը՝ համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն այս պահին կա և անհրաժեշտ է իրականացնել։

Հաջորդ հարցին՝ անկախ ընտրությունների արդյունքներից՝ պաշտոնավարման հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի հետ կա՞ն պայմանավորվածություններ, Ա. Զեյնալյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից։

«Ընտրություններում բոլորը բոլորին մրցակիցներ են, իսկ ընդդիմություն հասկացողությունը պետք է փոխի իր բովանդակությունն ու ընկալումը։ Ընդդիմությունը և թշնամությունը չպետք է լինեն հոմանիշներ։ Բոլոր նրանք, որոնք նույն կուսակցության մեջ չեն՝ ընդդիմադիր են, նույնիսկ նույն կուսակցության մեջ եղած մարդիկ տարբեր ընտրատարածքներում ինչ-որ չափով ընդդիմադիր են։ Բոլորը միմյանց մրացակիցներ են, չեմ ցանկանում վերցնել, թե ում եմ ընդդիմադիր, և տեղավորվել այդ համատեքստում։ Կլինե՞ն կոալիցիաներ, թե՞ ոչ, ամեն ինչ պայմանավորված կլինի քվեարկության արդյունքներով»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է քարոզարշավի բովանդակությանը և կարգախոսին, Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ քարոզարշավին դեռ մի քանի օր կա, և այդ ամենի մասին կհայտարարեն քարոզարշավից անմիջապես առաջ:

«Կաշխատենք հնարավորինս շատ մարզերում և բնակավայրերում լինել»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս