Բաժիններ՝

Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսը տպավորված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտով և այն պատկերներով, որոնք փակցված են պատերին։ Նա նաև խորապես հասկացել է, ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում թանգարանը:

Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տիկին Պեկրեսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պեկրեսը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում: Նա նշեց, որ 28 տարի առաջ այցելել է Երևան, և առաջին անգամ չէ, որ այցելելում է այս հուշահամալիր, սակայն առաջին անգամ է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանում:

«Խորապես ցնցված եմ այս այցից հետո, մասնավորապես այս թանգարանով: Ցնցված եմ այն պատկերներով, որոնք փակցված են պատերին, և խորապես հասկացել եմ՝ որքան և ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում այս թանգարանը»,- նշել է Պեկրեսն «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հավելելով. «Կարծում եմ, որ պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մարդիկ այցելեն ու ճանաչեն այս թանգարանը և իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ինչպիսի բարբարոսությամբ, դաժանությամբ և անմարդկայնությամբ է իրականցվել Հայոց ցեղասպանությունը:

Մեզ համար` արևմտյան ժողովրդի համար, առանձնակիորեն հետևյալն է ցնցող, թե որքան երկրներ տեղյակ էին այն բարբարոսություններից, որոնք տեղի էին ունենում 1915 թվականին, և շատերը գիտակցում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց պարզապես անունակ գտնվեցին օգնելու կամ կանխարգելելու այս բարբարոսությունները և այս ցեղասպանությունը: Կարծում եմ՝ երբ այցելում ես այս թանգարանը, դուրս ես գալիս լիովին պապանձված»,- ընդգծեց Պեկրեսը:

Պեկրեսը նաև պատմեց, որ խորապես ցնցվել էր նաև, երբ այցելել էր Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, որտեղ իրեն ներկայացրեցին, թե ինչպես ֆրանսիացի նավաստիները, դեմ գնալով ընթացակարգերին, կարողացան փրկել հայերին: «Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան խորն են ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունները, և որքան մոտ է կանգնել ֆրանսիական ժողովուրդը հայ ժողովրդի կողքին դժվարին պահերին»,- եզրափակեց Պեկրեսը:

Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց: Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում Երևան են ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանի ընտրված պաշտոնյաներ, հայկական համայնքի ասոցիացիաների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս