«Մարտի 1-ի քաղաքական հետևանքները վաղուց վերացված են». Արմեն Աշոտյան
«Մարտի 1-ի քաղաքական համերաշխության էջը մեզ համար բացվել է արդեն վաղուց, երբ Ալեքսանդր Արզումանյանը դարձել է դեսպան, երբ Մարտի 1-ի երկու կողմերի մեջ քաղաքական բանակցություններ էին տեղի ունենում 2010-11թթ., երբ այդ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը սատարում հայտնեց գործող իշխանություններին ապրիլյան պատերազմի և «Սասնա ծռերի» ժամանակ։ Հիշե՛ք դա, խնդրում եմ։ Մարտի 1-ի քաղաքական հետևանքները վաղուց վերացված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակում Դավիթ Շահնազարյանի ընդգրկվելու խնդրին, որը 2008-ին պայքարում էր ՀՀԿ-ի իշխանության գալու դեմ։
Ըստ նրա՝ քաղաքական զարգացումների վրա Մարտի 1-ն այդ ազդեցությունը չի թողել. «Սա աներկբա ճշմարտություն է»։
Մարտի 1-ի պատճառների բացահայտման խնդրով Աշոտյանը հորդորեց դիմել Նիկոլ Փաշինյանին, որը դեռ 1-1.5 ամիս առաջ ասել է, որ բացահայտված է։ Եթե բացահայտված է, նրա կարծիքով, գործը պետք է դատարան ուղարկել։ Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է վարչապետն իմանա՝ գործը բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, դա որտե՞ղ է գրված, որ ուժայինները պետք է իրեն զեկուցեն, թե բանկային հաշիվների վրա ինչքան փող կա, գործը բացահայտված է, թե ոչ, ում ինչ կոռուպցիայի մեջ են մեղադրում, և այլն. «Սա ի՞նչ վիճակ է։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նման բան ասեր՝ ի՞նչ կասեիք, կամ Կարեն Կարապետյանը դուրս գար էստեղ ու ասեր՝ գիտեք, պատգամավորներից մեկի վրա…»։
«Հին Հռոմում, երբ գալիս էր նոր կոնսուլ, հինը քար էր տալիս, որի վրա գրված էր՝ ես արեցի՝ ինչ կարողացա, ով կարող է, թող ինձանից լավ անի։ Մենք մայիսի 8-ին այդ պետության քարը Նիկոլ Փաշինյանի խնդրանքով դրեցինք իր ուսին, իր պարանոցին»,- հավելեց Ա.Աշոտյանը։