«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ». Արմեն Աշոտյան

«Այն իշխանությունը, որ բացարձակ է լինելու Հայաստանում, ամենամեծ վտանգավորությունն է իր մեջ պարունակում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ։ Սա ասում եմ ոչ թե՝ որպես քաղաքական մեղադրանք, այլ սա ասում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ դրա մեջ շահագրգռված պետք է լինեն բոլոր այն մարդիկ «Իմ քայլը» դաշինքում, որոնք իրոք հավատում են, որ այս իշխանափոխությունը ժողովրդավարության համար էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ Փաշինյանի թիմը պետք է ՀՀԿ-ի համար ստեղծի լավագույն հավասար պայմանները քարոզչության համար, չհարուցեն անձնական որակումներ ու պիտակներ, չստեղծեն խոչընդոտներ։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն շահագրգիռ է, որ այս ընտրությունները լինեն շատ լավ որակի։ Ա.Աշոտյանի խոսքով՝ եթե այս ընտրությունների վրա ստվեր նետող լինի, դա լինելու է բացառապես կառավարությունը և դրանում որոշիչ ձայն ունեցող վարչապետը։

Նա նշեց, որ Փաշինյանը պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, որ այս ընտրությունները նման են բռնցքամարտի.

«Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ են պայքարում, ոչ թե հազարը մեկի վրա։ Եթե հազարը մեկի վրա է, դա արդեն բռնցքամարտ չի, դա խուժան կռիվ է, կներեք այս արտահայտության համար»։

Ա.Աշոտյանը նշեց, որ քաղաքական բանավեճի իրենք պատրաստ են, իսկ խուժան կռվի արդյունքում կլինի խուժան խորհրդարան։

ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանին, ով վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն չի անցնի ԱԺ, Ա.Աշոտյանը խորհուրդ տվեց չկրկնել իր և Շարմազանովի սխալները, որովհետև չափից ավելի գոռոզամտությունը և ամբարտավանությունը, որը երբեմն շփոթում են հպարտության ու արժանապատվության հետ, երբևէ լավ բանի չեն բերում։

Ըստ նրա՝ իհարկե, «Իմ քայլի» անդամները, գովելով «Լուսավոր Հայաստանին», արջի ծառայություն են մատուցում, որովհետև դրա ղեկավար Էդմոն Մարուքյանն ամեն կերպ փորձում է դիրքավորվել՝ որպես ընդդիմություն, իսկ երբ իշխանությունը գովում է ընդդիմությանը, հասարակությունը ևս մի կարևոր ազդակ է ստանում՝ «Լուսավոր Հայաստանն» ի՞նչ ընդդիմություն, եթե Ն.Փաշինյանի բարեկամն իրեն գովում է. «Կարծում եմ՝ պետք չէ նման բաներ անել։ Ո՛չ պետք է որևէ մեկին գովալ, ո՛չ որևէ մեկին փնովել։ Որևէ անձնավորված գնահատական մենք մեզ թույլ չենք տալու, փորձելու ենք տանել բովանդակային քարոզարշավ։ ՀՀԿ-ից զատ՝ շատ քիչ ուժեր կան Հայաստանում, որ կարող են քաղաքական օրակարգ առաջարկել»։

Նա չբացառեց, որ արդեն ԱԺ-ում առաջարկեն ստվերային կառավարության սխեմա, առաջարկեն այլընտրանքային նախագծեր, օրինակ՝ բյուջե։ Ա.Աշոտյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է ստեղծի պրոդուկտ, որը պետք է հակակշռի իշխանությանը, և մարդը պետք է ունենա այլընտրանքի հնարավորություն.

«Այս ընտրությունները պետք է լինեն իրոք ընտրության հնարավորություններ։ Մենք ունենք վարչապետ, այս ընտրությունները քաղաքական ընդդիմություն ընտրելու մասին ընտրություններ են, քաղաքական օրակարգ ձևավորող մարդկանց մասին ընտրություններ են։ Ես սրտանց հաջողություն եմ մաղթում բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին, որոնք կա՛մ առաջին անգամ են փորձում իրենց ուժերը, կա՛մ փորձում են վերահաստատել իրենց դիրքերը։ Որքան Հայաստանի քաղաքական կյանքը լինի ավելի բազմաշերտ, բազմազան, բազմերանգ, այնքան Հայաստանում ավելի շատ է ամրապնդվելու ժողովրդավարությունը, բազմակարծությունն ու ազատությունը»։

Տեսանյութեր

Լրահոս