«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը ՀՀ ներկայիս իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքն է». Վոլոդյա Հովհաննիսյան

«Հորդորում եմ մեր իշխանություններին՝ հետևողական լինեն և պնդեն, որպեսզի ՀԱՊԿ-ում Հայաստանը պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ըստ ՀԱՊԿ կանոնադրության, եթե գլխավոր քարտուղարը նշանակվել է կամ ընտրվել, ապա նա պաշտոնում պետք է մնա երեք տարի։ Այժմ մեր  քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները, մինչև անգամ թշնամությունը, և հստակ ձևակերպեն այդ օրակարգում Հայաստանի դիրքորոշումը։

Հարցեր կան, որտեղ միասնականությունը միայն կարող է զարդարել բոլոր կուսակցություններին»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այսօր շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը կարողանա ՀԱՊԿ-ում դրսևորվել՝ որպես միասնական տեսակետ ունեցող։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ հայկական կողմի շտապողականությունը մեծ էր, բացի այդ, ՀԱՊԿ-ից Հայաստանը պետք է հետ կանչեր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, նրա փոխարեն ուղարկեր մեկ այլ անձի, այսինքն՝ դներ քարտուղարի փոխելու հարցը։

«Ցավոք, այս երկու սխալները մաթեմատիկայում չեն, որ մինուսը մինուսի հետ տա պլյուս, այստեղ երկու մինուս կա։ Երբ ինքնիշխան երկրի անունից քայլեր են իրականացնում, ապա պետք է հստակեցնեն, որ այնտեղ կան տարբեր շահեր ունեցող կողմեր։ Այստեղ պարզապես ծիծաղելի կլիներ՝ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի ծանրությունն իր վրա վերցներ մեկ այլ պետություն։ Այս հարցում Ռուսաստանն անում է ամենաանհրաժեշտը՝ ներքին կոնֆլիկտը ՀԱՊԿ-ում չզարգացնելու համար, բացի այդ՝ նրա շահերից է բխում, որպեսզի ինչպես եղել է մյուս տարիներին, Ռուսաստանի ներկայացուցչի ձեռքում լինեն բոլոր պարտականությունները»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Քաղաքագետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելու մեջ մեծ է ՀՀ ներկայիս իշխանությունների անհեռատես  և ազգային անվտանգությանը ծանր հարված հասցնող քաղաքականության վարումը։

Ներկայացնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, Վ. Հովհաննիսյանը շեշտեց, որ Հայաստանն այսպես թե այնպես արդեն կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը ՀՀ ազգային անվտանգության կառույցում ունի կարևորագույն դերակատարում։

«Մենք կորցնում ենք մեր ռազմական զարգացման, զինտեխնիկայի համալրման կարևորագույն միջազգային գործընթացներից և գործոններից մեկը ՀԱՊԿ-ում։ Օրինակ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պլանավորում և հաստատման է ներկայացնում կամ առանց հաստատման անցկացնում է բոլոր տեսակի զորավարժությունները, իսկ բոլոր զորավարժությունները մարտավարական նոր աստիճան է, մենք դրանից զրկվեցինք։

Բացի այդ, գլխավոր քարտուղարը զինակիցներին ապահովում է հատուկ տեխնիկական միջոցների մատակարարման գործընթացը, մենք նաև սա ենք կորցրել, ինչպես նաև ռազմատեխնիկական օժանդակության տրամադրում ՀԱՊԿ անդամ երկրներին, և այլն։ Այս ամենը մենք կորցրեցինք այն պատճառով, որպեսզի հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին իր միջազգային տերերին»,- ընդգծեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս