Նախարարությունը տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի շահագործման նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Բնապահպանության նախարարության կողմից մի շարք քննարկումներ և բանակցություններ են իրականացվել տեղական և միջազգային մասնագիտական, խորհրդատվական և գիտական կազմակերպությունների լայն շրջանակների հետ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ։
Կապ է հաստատվել Շվեդական երկրաբանական ծառայության (Sw. Ge. AB), «Բնական ռեսուրսների կառավարման ինստիտուտի (NRGI)», որն «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ)» խորհրդի անդամ է, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, մասնագետների, Բրոնոզյանի և փորձագետների, դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։
Վերոհիշյալ կազմակերպություններին ներկայացվել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլոտը, Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման հետ կապված մտահոգությունները, տարբեր կառույցների կարծիքները։
NRGI-ի թիմի առաջարկով Բնապահպանության նախարարությունը կապ է հաստատել տարածաշրջանի գործող առաջատար կազմակերպություններից մեկի հետ, որը մասնագիտացած էր բնապահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների ոլորտում։ Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան, հանդիպել բնապահպանության նախարարի և նախարարության բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների, «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի» ղեկավարի, Քննչական կոմիտեի, «Լիդիան Արմենիա» ընկերության, Հայաստանում գործող գիտական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։
Կազմակերպվել են մի քանի հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ Հարութ Բրոնոզյանի, դոկտոր Անն Մաեսթի և դոկտոր Անդրե Սոբոլովսկու հետ։
Զուգահեռ, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվում են Ամուլսարի գոտու մակերևութային ջրերի, գետերի հատակային նստվածքների և հողերի նմուշառման և իզոտոպային լաբորատոր փորձաքննություններ` ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետների կողմից մշակված «Ամուլսարի գոտու էկոքիմիական հետազոտական մոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի» պահանջների համաձայն։ Նախատեսվում է փորձանմուշները փորձաքննության ուղարկել նաև արտերկրների լաբորատորիաներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ․ հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել էին ստուգումներ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի ղեկավարը, ստուգումների արդյունքների մասին բնապահպանության նախարարին ուղղված գրությամբ առաջարկել էր ուժը կորցրած ճանաչել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ բնապահպանության նախարարի կողմից 2016 թվականին տրված պետական փորձաքննական ԲՓ-35 եզրակացությունը, սակայն մինչ օրս բնապահպանության նախարարությունը տեսչական մարմնի կողմից չի ստացել որևէ հիմնավորում՝ մասնավորապես ստուգման արդյունքում կազմված որևէ ակտ, արձանագրությունները կամ գործընթացին առնչվող որևէ փաստաթուղթ, չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պաշտոնական գրություններով դիմել էր իրենց։ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու՝ նախարարության ունեցած միակ առաջարկը տեսչական մարմնի ղեկավարի գրությունն է։
Ստեղծված իրավիճակում Բնապահպանության նախարարությունն է ձեռնարկել լրացուցիչ ուսումնասիրություններ՝ վերոհիշյալ տեղեկատվությունը ճշտելու համար։ Այդ նպատակով նախարարի հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ոլորտի անվանի գիտնականներ, նրանց թվում նաև ՀՀ կարմիր գրքում վերոհիշյալ բույսի և թիթեռի բաժինների հեղինակներ Մարինե Հովհաննիսյանը և Ալեքսանդր Դանչենկոն։Հանձնաժողովը ներկայացրել է հաշվետվություն և արձանագրություններ, ըստ որոնց՝ հետազոտված տարածքում չի հայտնաբերվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված վերոհիշյալ բույսի որևէ առանձնյակ և դիտարկված տեղամասը չի համարվում <<Ապոլոն>> տեսակի թիթեռի բնակմիջավայր։
Բնապահպանության նախարարության կողմից այս բոլոր աշխատանքների և հետազոտությունների արդյունքում մշակվել է մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթ, տեխնիկական առաջադրանքներ, աշխատանքի շրջանակ, մասնակիցներին ներկայացվող մասնագիտական չափորոշիչներ և կարգ, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն։
ՀՀ քննչական կոմիտեի կողմից սույն թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվել է մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման միջազգային անկախ փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի վերաբերյալ։