Բաժիններ՝

«Ոմանք սա դիտում են՝ որպես նոր թալանի միջոց, ոմանք՝ ոչ». ի՞նչ է վարորդական իրավունքի բալային համակարգը

Հայաստանում վարորդական իրավունքի բալային համակարգ է ներդրվելու: Ոստիկանությունն առաջարկում է, որ վարորդներին ամեն տարի տան 9 բալ: Ամեն խախտման դեպքում հանվելու է միավոր՝ ըստ իրավախախտման բնույթի։ Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ սահմանված 9 միավորը կնվազեցվի, համապատասխանաբար՝ 1, 2, 3 կամ 4 միավորով:

Այսպիսով, առանց համարանիշի, կեղծ կամ փոխարինված համարանիշով վարելու դեպքում վարելու իրավունքից կզրկվեն 1 տարով՝ նախկինում 100.000 դրամ վճարելու փոխարեն: Համարանիշն այլ անձի հանձնելու դեպքում կտուգանվեն նախկին 100.000 դրամի փոխարեն՝ 20.000 դրամով, և կկորցնեն 3 միավոր: Խաչմերուկի անցման կանոնները խախտելու դեպքում կտուգանվեն 5000 դրամով և կկորցնեն 2 միավոր: Հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելու դեպքում կտուգանվեն 5000 դրամով և կկորցնեն 1 միավոր: Նույնը՝ նաև վազանցի կանոնները խախտելու դեպքում: Մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելու դեպքում կտուգանվեն 5000 դրամով՝ կորցնելով 2 միավոր:

Միակողմանի ճանապարհով հակառակ երթևեկելու դեպքում կտուգանվեն 20.000 դրամով և կկորցնեն 2 միավոր: Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալու դեպքում 25.000 դրամով կտուգանվեն և 2 միավոր կկորցնեն: Հեռախոսով խոսելու դեպքում կտուգանվեն 5000 դրամով՝ նախկին 10.000-ի փոխարեն:

Սահմանվածից ավելի ուղևոր տանելու դեպքում 7000-ի փոխարեն՝ կտուգանվեն 5000 դրամով: ՃՈ տեսուչի՝ մեքենան կանգնեցնելու պահանջը չկատարելու դեպքում վարելու իրավունքից կզրկվեն 6  ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ 200.000 դրամ վճարելու փոխարեն: Մգեցված ապակիներով վարելու դեպքում կտուգանվեն  25.000 դրամով՝ 30.000-ի փոխարեն: Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը 30.000 դրամ տուգանք ոչ թե կվճարի, այլ 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից: Տեխզննության կտրոնը սխալ տեղում փակցնելու դեպքում՝ 20.000-ի փոխարեն 10.000 դրամով կտուգանվեն:

Մեքենայում ծխելու դեպքում՝ 3000-ի փոխարեն 7000 դրամով կտուգանվեն: Արագությունը 11-30կմժ-ով  գերազանցելու դեպքում տուգանքի չափը կկազմի 20.000 դրամ և 2 միավոր կկորցնեն, 31-50կմժ-ով  գերազանցելու դեպքում՝ 25.000 դրամ տուգանքի հետ միասին, կկորցնեն 3 միավոր, 51-80 կմժ-ով  գերազանցելու դեպքում սպասվում է  29.000 դրամ  տուգանք և 4 միավորի կորուստ: 81կմժ և ավելի գերազանցելու դեպքում ՝ վարորդական իրավունքից կզրկվեն 6 ամիս ժամկետով:

Գործող օրենքով 31-50կմժ-ով,  51-80 կմժ-ով  և 81կմժ-ով արագությունը գերազանցելու դեպքում  վճարում են 100.000, 200.000 և 500.000 դրամ:

Ոչ սթափ վարելու դեպքում առաջարկում են վճարել ոչ թե՝ 150.000 դրամ, այլ՝ 29.000 դրամ՝  4 միավոր կորցնելու հետ միասին:  Եթե վարորդի ոչ սթափ լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարով: Գործող օրենքով այն 1 տարի է:  Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու դեպքում էլ 200.000 դրամ վճարելու փոխարեն՝ վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարով:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է՝ հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության (հ/կ) համահիմնադիր Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս բալային համակարգն ավելի շատ դրական, քան բացասական կողմ ունի, բայց իրենք ականջալուր լինելով մի շարք վարորդների դժգոհություններին՝ առաջարկել են նախագծում որոշ փոփոխություններ կատարել:

«Ոմանք սա դիտում են՝ որպես նոր թալանի միջոց, ոմանք էլ հակառակ կարծիքն ունեն: Ըստ էության, ով օրենքով է երթևեկում, նրա համար միևնույն է՝ բալայի՞ն, թե՞ այլ  համակարգ կլինի: Հիմա փորձ է արվում զսպել անկարգապահ վարորդներին:  Սակայն մի քանի կետեր պետք է փոփոխվեն:

Օրինակ՝  սեփականատերերին են տուգանում, բայց, ասենք, եթե մեքենան այլ անձ է վարել, պետք է հստակեցվի ամեն ինչ, որ քաղաքացին քաշքշուկների մեջ չընկնի, փորձի օնլայն փոխել իր նկատմամբ կայացած որոշումը, և դա ուղղվի այն մարդուն, ով իրականում վարել է տվյալ տրանսպորտային միջոցը: Գիտենք նաև, որ կան շատ վարորդներ, ովքեր խախտումների մասին ծանուցում չեն ստանում, բայց այն տեղադրվում է «Ազդարար» կայքում: Այս հարցը պետք է կարգավորվի, որ մարդուն հանկարծ մի օր չկանգնեցնեն ու տեղեկացնեն, որ վարորդական իրավունքից զրկված է: Առաջարկ ենք ներկայացրել նաև առաքիչների, տաքսու վարորդների դեպքում՝ ոչ թե 6 ամսով զրկվեն վարորդական իրավունքից, այլ՝ հնարավորություն ունենան նոր քննություն հանձնել ու վերականգնել բալերը, քանի որ մարդիկ իրենց ապրուստը տվյալ մեքենայով են հոգում»,- նշեց Տիգրան Քեյանը:

Ինչ վերաբերում է միավորները պակասելու դեպքում վարորդի վարորդական իրավունքը 1-6 ամիս ժամկետով կասեցնելուն՝ «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը նկատեց.

«Այն, ինչ վարչական մարմնի հայեցողությամբ է, պետք  է հստակեցվի, փոխվի: Վարչական մարմնին չպետք է հնարավորություն տալ որոշելու՝ 1, 6 ամի՞ս, թե՞ մեկ տարի ժամկետով զրկի մարդուն վարորդական իրավունքից»:

Տիգրան Քեյանը կողմ է ընդհանրապես վարորդական իրավունքից զրկելուն, եթե վարորդն անկարգապահ է:

«Տեսնելով վթարներն ու արձանագրված մահվան դեպքերը, որոնց մեծ մասն արագության գերազանցման հետևանքով է, ապա ինչո՞ւ չզրկեն: Նախորդ տարվա հետ համեմատած՝ այս տարի ավտովթարից զոհվածների քանակն ավելի շատ է: Բալային համակարգն ամեն դեպքում զսպող միջոց կհանդիսանա: Նվազել են նաև տուգանքի չափերը: Գումար աշխատելու միտում չկա: Ճանապարհային ոստիկանության կողմից փորձ է արվելու որոշակի փոփոխություն կատարել նաև վարորդական վկայականներ տրամադրելու կարգերի քննության մեջ, որ ոչ թե վկայականը տանք, հետո փորձենք զրկել, այլ տանք նրան, ով գիտակից է, բանիմաց»,-նկատեց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը:

Հավելենք, որ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ 2018թ. հունվար-հունիս ամիսներին ավտոճանապարհներին  գրանցվել է վթարների (աղետներ) 1 711 դեպք, տուժել են 2 655-ը, զոհվել՝ 139-ը, վիրավորվել է 2 516-ը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս