«ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ին այլ բովանդակությամբ նամակ է ուղարկել, իսկ «Ռեսթարթ» շարժումը ներկայացնող Դավիթ Պետրոսյանին՝ բոլորովին այլ». Դավիթ Մաթևոսյանը
Վերջին 2 օրերին կրկին լարվել է իրավիճակը Երևանի պետական համալսարանում։ «Ռեսթարթ» ուսանողական նախաձեռնությունը հերթական ակցիան է սկսել Մայր բուհում, և եթե նախկինում նրանց թիրախը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էր, այսօր նրանք հանդես են գալիս ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) լուծարման պահանջով և այդ նպատակով իրականացնում են իրազեկման ակցիաներ։
«Ռեսթարթի» պահանջի, դրանց իրավական հիմքերի ու առհասարակ իրենց դեմ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ 168.am-ը զրուցեց ԵՊՀ ուսխորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանի հետ։
Վերջինս նշեց, որ խնդիրն առաջացել է այն պահից, երբ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ին այլ բովանդակությամբ նամակ է ուղարկել, իսկ «Ռեսթարթ» շարժումը ներկայացնող Դավիթ Պետրոսյանին՝ բոլորովին այլ։ Խոսքն այն մասին է, որ Դ. Պետրոսյանը ԿԳՆ նամակ է ուղարկել, որում խոսվում է ՈՒԽ կանոնադրությանն առնչվող խնդիրների մասին։ Դա հիմք ընդունելով՝ փոխնախարարը նամակ է ուղարկել ԵՊՀ, որում նա առաջարկում է նոր կանոնադրություն մշակել և ուղարկել նախարարության հաստատմանը։
«Մենք փոխնախարարի առաջարկը սիրով ընդունել ենք ու արդեն սկսել կանոնադրության փոփոխման գործընթացը, բայց Դավիթ Պետրոսյանին ուղարկված նամակում փոխնախարարը գրել է, որ ԵՊՀ-ին առաջարկվել է լուծարել ուսխորհուրդը, նոր ուսանողական կազմ ձևավորել ու ընտրություններ անցկացնել, այսինքն՝ ներկայացրել է տրամաբանորեն լրիվ հակառակ տեսակետ, ինչն էլ, «Ռեսթարթ» նախաձեռնությունը օգտագործելով՝ ցույց է տալիս, թե իբր ԿԳՆ-ն առաջարկում է լուծարել ՈՒԽ-ն, ինչի իրավունքը վերջինս չունի, քանի որ ուսխորհուրդներն ինքնակառավարվող մարմիններ են և կարող են լուծարվել կամ ինքնալուծարմամբ, կամ դատարանի որոշմամբ, եթե կա հանցակազմ»,- իրավիճակը ներկայացրեց Դ. Մաթևոսյանը։
Նա հավելեց նաև, որ իրենք փորձել են ստանալ ԿԳ փոխնախարարի մեկնաբանությունը, սակայն նրա արձագանքը, ըստ իրենց, այնքան էլ ադեկվատ չի եղել։
«Նա ասում է, որ մենք պետք է ոչ թե համագումար հրավիրեինք, այլ ընդհանուր ուսանողության ժողով, այսինքն՝ պետք է հավաքեինք 18 000 ուսանողների ու որոշեինք, ինչին մենք կեսկատակ պատասխանել ենք, որ այդ դեպքում պետք է «Հրազդան» մարզադաշտը մեզ կտրամադրեն։ Իսկ եթե ավելի լուրջ խոսենք, ինքներդ էլ հասկանում եք, որ դա ռեալ չէ։ Մենք հրավիրել ենք համագումար, որը պատվիրակների խորհուրդն է, այսինքն՝ ներկաները ներկայացնում են բոլոր 18 000 ուսանողներին»։
Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ թռուցիկ է ծանոթ իրավիճակին, բայց կարծում է, որ փոխնախարարի երկու նամակների միջև հակասություններ չկան, այնինչ, ինչպես նշեց Դ. Մաթևոսյանը, երկու նամակների բովանդակություններն էլ շատ պարզ են, սևով սպիտակի վրա գրված, և բացի դրանից էլ, թռուցիկ կերպով խնդրին ծանոթ լինելով՝ այդպիսի հայտարություն անելն այնքան էլ կոռեկտ չէր։
168.am-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է Դավիթ Պետրոսյանը նամակ հղել ԿԳՆ-ին ու պահանջում ուսխորհրդի լուծարում, Դ. Մաթևոսյանն ասաց, որ «Ռեսթարթի» կարծիքով՝ ուսխորհրդի կանոնադրությունը հաստատված չէ լիազոր մարմնի կողմից, համագումարը տեղի չի ունեցել, թեպետ նամակը գրելու ընթացքում համագումարն արդեն տեղի էր ունեցել։ Բացի դրանից, Դ. Պետրոսյանն ասում է, որ կանոնադրության մեջ կան ոչ սինքրոն հատվածներ, մասնավորապես՝ գրված է, որ համագումարը պետք է տեղի ունենա 3 տարին մեկ, բայց համագումարի ժամանակ ՈՒԽ նախագահը ներկայացնում է տարեկան հաշվետվություն։
«Այստեղ իրոք անտրամաբանական սխալ կա. Եթե 3 տարին մեկ է համագումար անցկացվում, ինչո՞ւ է ներկայացվում վերջին տարվա ամփոփում։ Ընդունել ենք,կա խնդիր, բայց պետք է հաշվի առնել, որ այս կանոնադրությունը մշակվել է ուսանողների կողմից, ընդ որում, ԿԳՆ-ն երբեք չի տրամադրել որևէ օրինակելի նմուշ, որը կարելի էր հիմք ընդունել։ Բացի դրանից, նույնիսկ մեծ փորձագիտական հենք ունեցող օրենսդրական նախաձեռնությունների մեջ են լինում հակասություններ, ուր մնաց՝ ուսանողների կողմից կազմված փաստաթղթում չլինեին։ Դա հաշվի առնելով՝ ընդունել ենք, նախաձեռնությունը սկսել ենք, բայց փաստացի փոխնախարարը մեկ այլ տեղեկություն է տարածել։ Ըստ էության՝ նա ապատեղեկատվություն է տարածել, որը մեր ընկեր ուսանողներն օգտագործում են իրենց գործընթացները կազմակերպելու համար»։
Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ այս ամենն արվում է այն նպատակով, որ, երբ դեկտեմբերին տեղի ունենա հոգաբարձուների խորհրդի նիստը (իսկ այնտեղ ներկայացված են լինում նաև ՈՒԽ-ի կողմից ընտրված 8 ուսանողներ), նրանք, ուսխորհրդի կողմից առաջադրված անդամներին ոչ լեգիտիմ ներկայացնելով ու այն լուծարելով՝ կարողանան ունենալ իրենց ներկայացուցիչները հոգաբարձուների խորհրդում, որոնք հետագայում իրենց ցանկալի գործընթացները կապահովեն։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահը հավաստեց նաև, որ իրենք պատրաստվում են պայքարել իրենց իրավունքների համար, քանի որ «Մենք համոզված ենք, որ որևէ վատ բան երբեք չենք արել։ Մենք անմնացորդ, առանց վարձատրության աշխատանք ենք կատարել, որպեսզի համալսարանի համար մի բարիք ստեղծենք, նույնիսկ մեր վարձատրվող աշխատանքն ենք թողել, որպեսզի ուսանողների համար մի բան ավել արվի, ու այսօր նման վերաբերմունքի արժանանալը, կարծում եմ, անարդար է։ Ու այսօր փոխնախարարը նույնիսկ նման տեքստ է հնչեցնում, թե իբր մենք չենք հարմարվել նոր պայմաններին՝ ըստ էության քաղաքական որոշակի ենթատեքստ հաղորդելով այս ամենին, ինչը ուսանողության զգալի հատված նկատմամբ ոչ կոռեկտ, վատ վերաբերմունք է»։
168.am-ը Դավիթ Մաթևոսյանից հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք ուսանողական խորհրդի ղեկավար կազմում կուսակցականներ կան, ինչին վերջինս պատասխանեց, որ ուսխորհրդի նախագահությունում որևէ կուսակցական մարդ չկա։
Վերջում ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահը հավելեց, որ այս երկու օրերի ընթացքում ԵՊՀ ուսանողներն արդեն ցույց են տվել իրենց վերաբերմունքը, նշել, որ դեմ են անհիմն ռեսթարթներին, դեմ են ԿԳ փոխնախարարի նման սպեկուլյատիվ մոտեցումներին, երկակի խաղերին, ամեն տեղ քաղաքական ենթատեքստեր ու ծպտյալ հանրապետականներ փնտրելուն։