«Արցախյան հիմնահարցի լուծման ամենակարճ ճանապարհը դա է». Դավիթ Բաբայան

«Այն, որ պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, միանշանակ է։ Մենք էլ ենք դրա մասին ամեն հանդիպման ժամանակ բարձրաձայնում, որովհետև սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ի վերջո, մարդկանց կյանքի անվտանգության, զոհերի քանակն իսպառ բացառելու համար։ Եվ այս հայտարարությունը միանշանակ պետք է ողջունել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսի հայտարարությանը։

ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Մակրիսն ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանը ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության շուրջ իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: «Այս հակամարտությունն արդեն շատ երկար է շարունակվում: Եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և նախապատրաստեն իրենց բնակչությանը խաղաղությանը: ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության հաստատմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որոնք կարող են կայունացնել անվտանգության իրադրությունն ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար»,- նշել է նա:

Հայ փորձագիտական շրջանում Մակրիսի հայտարարությունը դրական արձագանք է գտել և որակվել «հայանպաստ»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ արցախյան հիմնահարցն այնքան բարդ է, որ կարգավորման իմաստով ժամկետներ դնելն անիրատեսական է. «Բայց այն, որ լուծելու ցանկություն կա, լավ է։ Եթե ուզում են, որ այդ գործընթացն արագանա, պետք է առաջին հերթին վերականգնվի լիարժեք ձևաչափը՝ Արցախի լիարժեք մասնակցությունը բոլոր փուլերին։ Արցախի հարցի լուծման ամենակարճ ճանապարհը դա է՝ ձևաչափը վերականգնել, Ադրբեջանը ճանաչի մեզ, մենք էլ՝ իրենց, և արդեն գործընթացը կսկսվի»։

Միևնույն ժամանակ, Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան. «Մի քայլ կատարվել է՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարությունների միջև այդ կապը հաստատվել է, բայց այն մեսիջները, որ հնչում են Բաքվից, ցույց են տալիս, որ Ադրբեջանի տեսլականը որևէ ձևով չի փոխվել։ Դրա համար դժվար թե նրանք լիարժեք ձևով գնան այդ ճանապարհով»։

Տեսանյութեր

Լրահոս