Պարույր Հայրիկյանը վտանգավոր է համարում  ընտրություններից հետո խորհրդարանի միատեսակությունը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռևս օգոստոս ամսին նորընտիր իշխանություններին էր ներկայացրել Սահմանադրության իր տարբերակը, որն անվանել էր այլընտրանքային։ Սակայն վերջիններս նրա ներկայացրած այլընտրանքային Սահմանադրությունը չեն  քննարկել, ինչն առաջացրել է Պ. Հայրիկյանի զայրույթը։

168.am-ը ԱԻՄ առաջնորդից փորձեց ճտել, թե ի՞նչ են պատճառաբանել իշխանությունները, որ սահմանադրության իր ներկայացրած տարբերակը չեն քննարկել։
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ սահմանադրության այլընտրանքին տարբեր «չարագործներ» ընդառաջ չեն գալիս, քանի որ ունեն հիմնական նկատառում՝ իրենց շահերը։

«Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց իր համար Սահմանադրություն, այն ժամանակ ինձ հաջողվեց երեք տարի անց սկսել դրա բարեփոխումը, այնուհետև Ռոբերտ Քոչարյանը ձախողեց, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հետ թիմ կազմեցին իմ դեմ՝ խեղելով մեր սկսած նախաձեռնությունները։ Ի դեպ, չորս տարով ընտրվող խորհրդարանը դարձավ հինգ տարով, սա նրանց նախաձեռնությունն էր։ Հիմա էլ այս իշխանություններն են. սրանք դեռ նոր են իշխանություն դարձել, որոնց մենք աջակցել են, քանի որ ասում էին, թե իրենց հիմնական նպատակն է երկրի տերը դարձնել քաղաքացուն, մեր ներկայացրած սահմանադրությունը հետապանդում է հենց այս նպատակը»,- նշեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, թե նոր իշխանություններն այլ նպատակ ունեն՝ պահել իրենց իշխանությունը։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Պ. Հայրիկյանն ընդգծեց, որ բազմակուսակցական, նույնիսկ երկուսակցական որևէ երկրում չի գրանցվել նման դեպք, որ քաղաքական ուժը ստանա ձայների 60 տոկոսից ավելին։

Ըստ նրա՝ եթե նման բան է տեղի ունենում, ապա  քաղաքագիտությունից հասկացող մարդու համար սա պետք է հնչի որպես ահազանգ։ Այս համատեքստում նա վտանգավոր է համարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում միատեսակություն կարող է լինել։

«Իհարկե, վտանգավոր է, հատկապես «հեղափոխության» ալիքի վրա իշխանության համար պայքարը միշտ հանգեցրել է վտանգների։ Այս պատճառով էլ մեր ներկայացրած Սահմանադրությունը նախատեսում էր վարչապետի ուղղակի ընտրություններ և երկու տարի անց՝ կրկին ընտրություններ, նույն էլ՝ խորհրդարանի դեպքում։ Եթե մեր ներկայացրած ծրագիրը պարզապես լրջորեն դրվեր քննարկման, ուզեին, թե՝ ոչ, ընդունելու էին, որովհետև այն բացառիկ բան էր»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս