Դելիում օդը մաքրելու համար կկիրառվի արհեստական անձրևի առաջացման տեխնոլոգիան
Հնդկաստանի մայրաքաղաքը կարող է դառնալ առաջին քաղաքը, որտեղ իշխանությունները օդը մաքրելու համար կկիրառեն արհեստական եղանակով անձրեւի առաջացման տեխնոլոգիան: Այդ մասին հայտարարել է Աղտոտման վերահսկողության կենտրոնական վարչության քարտուղար Փրաշանտ Գարգավան:
«Արհեստական անձրեւները կարող են օդի աղտոտման խնդրի լուծում դառնալ: Մենք Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտի եւ Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտի հետ միասին ուշադիր ուսումնասիրում ենք դրա հնարավորությունը»,- ասել է Գարգավան Economic Times թերթին: Նրա խոսքով՝ իշխանությունները պլանավորում են այդ գործողությունն սկսել արդեն նոյեմբերի 10ից հետո: Դրա համար գործի կդնեն ինքնաթիռներ, որոնք անձրեւաբեր հատուկ նյութեր կցրեն ամպերի մեջ:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք արեհեստական անձրեւ առաջացնել, սակայն նախ մեզ անհրաժեշտ է սպասել նպաստավոր պայմանների՝ ամպերի ու քամու հայտնվելուն: Մինչեւ նոյեմբերի 10-ը դա քիչ հավանական է»,- հրատարակությանը մեկնաբանել է Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սաչիդա Նանդ Տրիպատին:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադրությանը»,- ընդգծել է փորձագետը: Օդի աղտոտման մակարդակը Հնդկաստանի Դելի ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում նոյեմբերի 5-ին 25 անգամ գերազանցել է «անվտանգ նորման», որը սահմանվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում օդի որակը Դելիում զգալիորեն վատթարացել է: Նոյեմբերի 5-ին PM 2,5-ի (օդում մինչեւ 2,5 միկրոմետր տրամագծով մասնիկների պարունակությունը) միջին ցուցանիշը մայրաքաղաքի մի շարք շրջաններում կազմել է 644 միկրոմետր:
Ընդ որում՝ մարդու առողջության համար անվտանգ միջին օրական նորման, ինչպես ավելի վաղ սահմանել է ԱՀԿ-ն, կազմում է 25 միկրոմետր: Մասնագետներն օդի աղտոտման մակարդակի կտրուկ բարձրացումը կապում են Խարիանի եւ Փենջաբի նահանգների գյուղական հանդակներում հրդեհների ծխի հետ, որտեղ ֆերմերներն ավանդաբար աշնանը բերքահավաքից հետո այրում են խոզանը:
Ամեն տարի այս ժամանակաշրջանում Հնդկաստանի մայրաքաղաքի բնակիչները, որոնց թիվը գերազանցում է 16 միլիոնը, տառապում են օդի ցածր որակից եւ հիվանդություններ առաջացնող ծխամշուշից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: