«Տարիներ շարունակ օրենքների խախտմամբ Երևանում ապամոնտաժվել են պատմամշակութային հուշարձաններ». ճարտարապետ
Ճարտարապետ Դավիթ Նահատակյանն անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցին և այն պնդումներին, որ շինությունը պետք է քանդել և գտնվելու տեղից երկու մետր հեռու տանել, որի մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ այս մոտեցումը տարիներ շարունակ գործել է նաև Երևանի մյուս պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։
Ըստ ճարտարապետի՝ ապօրինի կերպով ապամոնտաժվել են շատ հուշարձաններ, այդ թվում՝ Աֆրիկյանների շենքը, որի համար մարդիկ նույնիսկ բողոքի ցույց անցկացրեցին։
«Շենքի ապամոնտաժելը պատճառաբանեցին, թե քաղաքաշինորեն գտնվում է անհարմար դիրքում, հետևաբար՝ պետք է ապամոնտաժել ու տանել այլ վայր և նոր կառուցվելիքը մի քիչ հետ կառուցել։ Սակայն այս ամենն ամբողջապես օրենքների և նորմերի խախտում է, որովհետև հուշարձանը չպետք է հարմարվի քաղաքին, այլ քաղաքը պետք է հարմարվի հուշարձանին, քանի որ քաղաքը քաղաք է՝ իր ժառանգությամբ։ Նույն ճակատագրին արժանացավ նաև Մարկ Գրիգորյանի կառուցած դպրոցը»,- ասաց Դավիթ Նահատակյանը։
Ճարտարապետի խոսքով՝ ներկայիս կառավարությունը պետք է հետամուտ լինի ճշտելու համար, թե ում կողմից է թույլ տրվել այդ կառույցների քանդումը, ի՞նչ հիմնավորումներով։
«Արամի 23-ը պետք է լինի այն վերջին կետը, ըստ որի՝ այլևս չպետք է քանդվի որևէ կառույց, դրանից այն կողմ պետք է փոխվի ամբողջ մտածելակերպը՝ ինչպես մասնագետների մոտ, այնպես էլ՝ հանրության լայն շրջանակներում։ Հանրության հետ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ժառանգության պահպանության հարցերը»,- եզրափակեց Դավիթ Նահատկյանը։
Զվարթ Խաչատրյան