Բաժիններ՝

«Հին Երևանի տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար». Մշակույթի նախարարության ներկայացուցիչ

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության պետ Արմեն Աբրոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի քանդելու հետ կապված խոսակցություններին՝ նշեց, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախկին Քաղաքաշինության նախարարության վրա դրվել էր լիազորություն՝ ապահովելու «Հին Երևան» ծրագրով նախագծման աշխատանքների կազմակերպումը։

Այնտեղ նախատեսված են եղել հստակ սահմանափակումներ, ըստ որի՝ մինչև երկու հարկ նկուղային կառուցապատում և մինչև երեք հարկ բարձրությամբ կառույցում թույլատրելի է նաև մանսարդային հարկ։

«Ուզում եմ հայտարարել, որ մինչև օրս ո՛չ քաղաքաշինության կոմիտեի, ո՛չ Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը որևէ անգամ չի ներկայացվել պատշաճ նախագիծ։ Հին Երևանի տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար, դրանց մասին բազմիցս հանդես ենք եկել հայտարարություններով, ուղարկել ենք գրություններ, ունեցել ենք հանդիպումներ, բայց մինչև օրս «Հին Երևանի» տարածքում կատարվում են ապօրինի շինաշխատանքներ։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման» մասին օրենքի 16 հոդվածի դրույթի՝ հուշարձանների պահպանական գոտիների տարածքում շինարարական և այլ աշխատանքները թույլատրվում են Մշակույթի նախարարության կողմից, այստեղ նման թույլտվություն չկա»,- նշեց Արմեն Աբրոյանը։

Ըստ նրա, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը և կառույցի պատվիրատուն որևէ քայլ չեն ձեռնարկել Մշակույթի նախարարությանը որևէ նախագիծ ներկայացնելու համար, բացառությամբ մեկ դեպքի, երբ Մշակույթի նախարարությունը կառուցապատողի հետ բանակցել է նախագիծ ներկայացնելու համար, հասկանալու համար, թե այն որքանով կարող է խաթարել շինության անվտանգությունը, սակայն այն ներկայացվել է բավականին ուշ, որի իրագործումը նախարարությունը թույլ չի տվել։

«Այդ ներկայացված նախագիծը քննարկվեց մասնագետների հետ և չընդունվեց, որից հետո հանձնարարվեց ԱԻՆ-ի հետ կատարել որևէ աշխատանք։ Սակայն հաջորդ օրը նախագծող կողմի մասնագետներն ասացին, որ նշված առաջարկներն անհիմն են և չեն ապահովում որևէ հաշվարկ։ Հուշարձանի ամրակայումը չպետք է լինի ժամանակավոր միայն վերևի մասով, քանի որ խնդիրը հիմքերի հետ է, և այդ դեպքում որևէ միջոցառում իրականացնելն անհնար է։ Մինչև օրս չկա երկրորդ կամ երրորդ նախագիծ, մեզ չեն ներկայացրել։ Այժմ հայտարարում են, թե չորրորդ նախագիծ է կազմվում. չկա նման նախագիծ։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանն է իր միջոցներով նախագիծ պատվիրել, որի առաջին փուլի համաձայն՝ նախատեսված է հուշարձանի ամրակայման աշխատանքներ»,- ընդգծեց Ա. Աբրոյանը։

Ըստ Արմեն Աբրոյանի՝ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ հայտարարում են, որ Երևանի կենտրոնին պետք է տրվի հատուկ կարգավորում։

Նրա խոսքով՝ դեռևս խորհրդային շրջանից Երևանի կենտրոնն ունի կարգավիճակ՝ որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ պատմական կենտրոն։
«Դրա համար կա պատմամշակութային հիմնավորման նախագիծ, որով հստակ սահմանված են ռեժիմներ՝ մինչև վեցհարկանի կառուցապատում, սակայն ամեն օր տեսնում ենք, որ կենտրոնում վեր են խոյանում բազմաթիվ կառուցապատումներ։ Քաղաքապետարանի լիազորություններից և պարտականություններից մեկն էլ սա է, որ պետք է պահպանի այդ ռեժիմների պահանջները։ Մենք դիմել ենք նույնիսկ ոստիկանությանը, որպեսզի նման բան թույլ չտան, այնտեղից նշել են, թե իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարանին, այսպիսով՝ օր օրի բարձրահարկերը կենտրոնում ավելանում են»,- ասաց Արմեն Աբրոյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս