Բաժիններ՝

«Վեոլիա Ջուր»-ը տուգանվեց 20 միլիոն դրամով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 7-ին կայացած նիստում որոշվեց «Վեոլիա Ջուր»  ՓԲ ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով, քանի որ տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում:

Պարզվում է՝ «Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերությունը «Վեոլիա Ջրի»  պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում, վերջինս դադարեցրել է արտադրությունը: «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ  ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, բայց «Վեոլիա Ջրի»  անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից:

«Արազենի» դիմում-բողոքի համաձայն՝ «Վեոլիա Ջուրը» զբաղեցնում է մենաշնորհային դիրք: Վերջինս զբաղվում է նաև ջրաչափերի ներմուծմամբ և տեղադրմամբ և միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30.000 ջրաչափ: Գնման գործընթացը հրապարակային տեղի չի ունեցել, «Վեոլիա Ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողներին ևս, հատկապես իրենց՝ գործել այդ շուկայում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը դիմել է  «Վեոլիա Ջուր» ընկերությանը,  որպեսզի ներկայացնեն տեղեկատվություն, թե ի՞նչ չափորոշիչների և սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Որևէ կոնկրետ չափորոշիչ չեն ներկայացրել:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ «Վեոլիա Ջրի»  կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: Օրինակ՝ 2017թ. ընկերության կողմից ներմուծված ջրաչափերի միջին գինն ըստ տեսակների՝ կազմել է 8400-9500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից՝ հասնելով 7000-ի: Իսկ 2018թ., ներմուծված DN 15մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10.000 դրամ, այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3300-7600 դրամի սահմաններում:

Նշենք, որ, եթե նախկինում քաղաքացիներն ինքնուրույն էին ջրաչափ ձեռք բերում, ապա 2017 թվականից հետո  ջրաչափերի ձեռքբերումն ու տեղադրումը բնակարաններում իրականացվել է «Վեոլիա Ջրի»  կողմից: «Արազենը» դիմել է ընկերությանը, որպեսզի ջրաչափերն ավելի ցածր գնով ձեռք բերեն  իրենցից, բայց մերժում են ստացել՝ նախընտրելով ներմուծել արտերկրից: Արդյունքում՝ «Արազենը» դադարեցրել է ջրաչափերի արտադրությունն ու կանգնել ֆինանսական խնդիրների առջև:

Նիստին ներկա էր նաև «Արազեն» հայ-գերմանական ՀՁ ընկերության հիմնադիր տնօրեն Արա Սանթրոսյանը, ով ասաց, 2017 թվականի հունվարից կազմակերպությունը կանգնել է մի շարք խնդիրների առջև:

«Ներմուծված ջրաչափերից որակական առումով չեն տարբերվում մեր կողմից արտադրված ջրաչափերը: Դրանք ներմուծվում են Իսպանիայից, Չինաստանից: Շեշտեմ, որ «Վեոլիա Ջրի»  համակարգում գտնվող 874.000 ջրաչափերի 50 տոկոսից ավելին  մեր կազմակերպությանն են պատկանում, մատակարարվել են միջազգային մրցույթներով: Մենք այսօր խնդրի առջև ենք կանգնել: Պատճառաբանությունները, թե իրենք միայն Փարիզին են ենթարկվում, կարծում եմ՝ անհիմն են: Ավելին, երբ բնակիչները ջրաչափ են գնում, չեն ընդունում՝ հայտնելով, որ իրենց ջրաչափը պետք է լինի»,- նշեց Արա Սանթրոսյանը:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն էլ անդրադառնալով խնդրին՝ նկատեց.

«2017 թվականից ՀՀ-ում ջրամատակարարման, ջրահեռացման աշխատանքների կառավարումն իրականացնում է «Վեոլիա Ջուրը», ըստ այդմ՝ նրան է տրված իրավունք՝ ձեռք բերել և տեղադրել ջրաչափեր: Ընկերությունն իր հայեցողությամբ ընտրում է ջրաչափեր մատակարարող ընկերություններին: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրաչափեր ձեռք են բերում աշխարհի տարբեր երկրների մատակարարներից՝ ավելի բարձր գներով, քան վաճառվում են ՀՀ-ում:

«Արազենը» երկար տարիներ զբաղվել է ջրաչափերի արտադրությամբ, և այն ժամանակ, քանի դեռ քաղաքացիներն էին ջրաչափեր ձեռք բերում, ընկերությունը հաջողությամբ կարողացել է իրացնել մեր երկրի ներքին շուկայում: «Վեոլիա Ջուրը»  հրաժարվել է հայկականը ձեռք բերել, ինչի արդյունքում ընկերությունը շուկայից դուրս է մղվել, դադարեցրել գործունեությունը: Հանձնաժողովը կարծում է, որ կա մրցակցության խնդիր, «Վեոլիա Ջրի»  գործողությունն էլ գնահատվում է՝ որպես մենաշնորհային դիրքի չարաշահում, որի համար հանձնաժողովը որոշել է տուգանք  կիրառել 20 միլիոն դրամի չափով, միևնույն ժամանակ՝ հանձնարարում է դադարեցնել նման վարքագիծը: Սրանից հետո, երբ ձեռք բերեն ջրաչափեր, այդ գործընթացի ժամանակ անպայման հավասար հնարավորություն պետք է տա բոլոր տնտեսվարողներին, այդ թվում՝ հայաստանյան արտադրող ընկերություններին:

«Վեոլիա Ջուրը», համաձայն մեր երկրում ստանձնած պարտավորությունների, պետք է որոշակի ներդրումներ իրականացնի: Առաջիկա 15 տարիների ընթացքում պետք է 37.5 միլիորդ դրամի չափով ներդրումներ կատարի: Դրանք ջրաչափերի ձեռքբերման, ջրագծերի կառուցման, պոմպակայանների շինարարության գծով են: Եվ երբ ավելի բարձր գնով են ապրանքները ձեռք բերում, ստացվում է, որ ներդրումային պարտավորությունները մեր երկրի առջև նվազում են:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն բավական չափով վերահսկողություն չի կատարում, քանի որ լիազորությունները սահմանափակ են: Լծակներ ձեռք բերելու համար Կառավարությանն առաջարկելու ենք փոփոխություն կատարել համապատասխան իրավական ակտերում»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս