Բաժիններ՝

Ինչպես ստանալ կուտակային հաշվի 2018թ․ հաշվետվությունը

2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով  հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:

Կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության միջոցով մասնակիցը տեղեկանում է` որքան կուտակային հատկացում է կատարվել իր օգտին տվյալ տարվա ընթացքում իր և պետության կողմից, և որքանով են ավելացել իր միջոցները կառավարման արդյունքում: Այն մասնակիցները, ովքեր չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, այս հաշվետվության օգնությամբ կիմանան, թե համակարգը պատահականության սկզբունքով որ ֆոնդն է ընտրել իրենց համար:

Առաջին անգամ տարեկան հաշվետվություն ուղարկվում է բոլոր մասնակիցներին` հաշվառման վայրի հասցեով: Երկրորդ և հետագա տարիներին այս տեղեկատվությունը ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման դիմում, որում նշվում է հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը:

Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից ներկայացված հասցեով, և էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեին:

Թղթային եղանակի ընտրության դեպքում դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակն ընտրելու դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Տարեկան հաշվետվությունը էլեկտրոնային փոստով ստանալը նաև պաշտպանում է տվյլաների գաղտնիությունը և զերծ է պահում թղթային հաշվետվության կորստի ռիսկից:

2018 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչև 2019թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:

Հաշվի օպերատորներն են` Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ:

Մանրամասների համար` 114 անվճար թեժ գիծ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս