Բաժիններ՝

Թատրոնների հիմնական խնդիրն ամբողջ աշխարհում ոչ բավարար ֆինանսավորումն է. Անդրեյ Լոբանով

Կեսդարյա ավանդույթներով ու ինքնատիպ նորարարություններով հայտնի Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» պետական թատրոնը Հայաստանում է: Գրեթե կես դար առաջ մի գեղեցիկ շաբաթ օր ծնված թատրոնը Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի հյուրն է, միջոցառման շրջանակում նոյեմբերի 5-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացնելու է «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը: «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացման երիտասարդ զույգերը մոտ են դժբախտ վերջնագծին: Արդեն լսվում է ողբերգության չարագուշակ շշուկը: Պատերազմն արդեն ավարտվել է, և իտալական Մեսինա քաղաքի կանայք սպասում են վերջնական վճռին: Հենց այստեղ էլ սկսվում է Շեքսպիրի «ծիծաղելի» կատակերգությունը: Այս ներկայացման, «Սուբբոտա»-ի և թատերական ոլորտի խնդիրների մասին «Արմենպրես»ը զրուցել է թատրոնի տնօրեն Անդրեյ Լոբանովի հետ:

Առաջին անգամ Հայաստանում

«Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումն առաջին անգամ է հրավիրվում փառատոնի: Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը մեզ հրավիրեց այստեղ: Հայաստանում փառատոնի շրջանակում հավաքվել են կոլեկտիվներ տարբեր երկրներից, հաճելի է հայտնվել այս միջավայրում: Այս օրերին հասցրել ենք դիտել մի շարք ներկայացումներ: Մենք էլ նոյեմբերի 5-ին ենք ներկայացնելու մեր բեմադրությունը: 27 հոգով ենք եկել Երևան, մեզ հետ նաև տեխնիկա ենք բերել:

«Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը ստեղծել է ռեժիսոր Գալինա Ժդանովան: Փորձառու ռեժիսոր է, թեև երիտասարդ է: 10 տարի առաջ եմ նրա հետ ծանոթացել, տեսել դիպլոմային աշխատանքները: Ներկայացումը շատ լավ են ընդունել Սանկտ Պետերբուրգում: Մամուլում էլ շատ լավ արձագանքներ էին: Պետք է ասեմ, որ ներկայացումն առաջին հերթին պատրաստված է երիտասարդ հանդիսատեսի համար: Մենք նույնիսկ փորձ արեցինք, հրավիրեցինք թատրոն երիտասարդ լրագրողների ՝ դիտելու այն և խնդրեցինք նրանց գրել ներկայացման մասին: Գիտե՞ք՝ ինչքա՜ն հետաքրքիր և բազմազան տպավորություններ կարդացինք: Նրանց գրածներից հասկանալի էր դարձել, որ ներկայացումը ցնցել է նրանց, իսկապես հասկացել են այն:

Շեքսպիրի գործերը հետաքրքիր են բոլորի համար: Մեր «Ոչնչից մեծ աղմուկը» շատ հաճախ է բեմադրվում տարբեր տեղերում:

Գրեթե 50-ամյա «Սուբբոտա»-ն

Թատրոնի հիմնադիրը Յուրի Սմիռնով-Նեսվիցկին է, ով մինչև հիմա ղեկավարում է կոլեկտիվը: Թատրոնի անձնակազմը հավաքվում էր միշտ շաբաթ օրերին, ահա թե ինչպես ծնվեց թատրոնի «Սուբբոտա» անվանումը: Այն գրեթե 50 տարեկան է: Հաջորդ տարվա մարտին կտոնենք թատրոնի կեսդարյա հոբելյանը: Գիտե՞ք, թատրոնը թափառական կյանք է ունեցել, գրանցված է եղել ու գործունեություն է ծավալել Սանկտ Պետերբուրգի տարբեր շրջաններում: Այսօր այն պետական կարգավիճակ ունի, գրանցված է քաղաքի կենտրոնում:

Ես գրեթե երեք տարի եմ աշխատում «Սուբբոտա»-ում: Առհասարակ, հիանալի է աշխատել այս թատրոնում: Մոտ 35 տարի թատերական ոլորտում եմ, աշխատել եմ տարբեր կոլեկտիվներում: Ամենակարևորն այն է, որ ինձ չի ձանձրացնում այս աշխատանքը, ես սիրով եմ ամեն օր գնում աշխատանքի: Թատրոնը, կարծես, թմրադեղ լինի: Որ թատրոնում էլ աշխատեմ՝ ինձ համար միշտ հետաքրքիր է, և իմ նպատակն է օգնել տվյալ կոլեկտիվին, զարգացնել յուրաքանչյուր թատրոն:

«Սուբբոտա»-ում, բացի ադմինիստրատիվ, պրոդյուսերական գործունեությունից, իմ աշխատանքն ուղղված է նաև կոլեկտիվի ստեղծագործական զարգացմանը:

Նորարարությունների թատրոն

«Սուբբոտա»-ն ստեղծվել է որպես փորձարարական թատրոն, և նրա գեղարվեստական ղեկավարը բոլոր ժամանակներում էլ եղել է նորարարությունների առաջամարտիկ: Նա մշտապես ինչ-որ նոր բան է փորձել: Եվ ավելի ուշ այդ ամենը փոխառել են այլ ռուսական թատրոններ:

Այսօր թատրոնն աշխատում է տարբեր ռեժիսորների հետ: Մեր վերջին տարիների ներկայացումները բեմադրում են Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի լավագույն ռեժիսորները: Մեր կոլեկտիվը նախկինում մշտապես աշխատել է մեկ ռեժիսորի հետ: Այժմ մենք ցանկանում ենք հնարավորություն ընձեռել կոլեկտիվին համագործակցել այլ ռեժիսորների հետ՝ տարբեր տեխնիկաներ ընկալելու համար:

Բազմազան խաղացանկի նախապայմանը

Թատրոնների հիմնական խնդիրն ամբողջ աշխարհում ոչ բավարար ֆինանսավորումն է: Կարծում եմ՝ ամենուր այդպես է: Երևանում հանդիպեցի ԱՄՆ-ի, Իտալիայի, Մակեդոնայի գործընկերներիս: Հասկացանք, որ դա մեր ընդհանուր խնդիրն է:

Վստահ եմ, որ եթե ֆինանսավորում շատ  լինի, խաղացանկն առավել բազմազան կլինի ամենատարբեր ներկայացումներով:

Ռոզա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս