«ԱՄՆ-ը լուրջ ընտրության առաջ չի դնի Հայաստանին». Արմեն Վարդանյան
«Իրանի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունը նորություն չէր»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հիշեցնելով, թե մինչ Բոլթոնի այցն ինչպիսի հակաիրանական քայլեր ու հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ից։
Իրանագետի խոսքով՝ ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ, եթե իրանական նավթի արտահանումը հասցվի զրոյի, ապա նավթի համաշխարհային գները կարող են հասնել մինչև 220 դոլարի, ինչից կօգտվի Ռուսաստանը. «Դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին։ Իրանական նավթի վաճառքը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի քաղաքականությունն ամբողջովին չի իրականանա։ Բայց արդեն իսկ տեսնում ենք, որ Իրանի շուրջ տնտեսական ճգնաժամ է առաջացել»։
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-ն այստեղ կայունացնող դեր է խաղում. «ԵՄ-ն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի պահպանման մոլի ջատագովն է, և Ֆեդերիկա Մոգերինին ու ԵՄ առաջատար երկրների ղեկավարներն ամեն ինչ անում են, որ այդ համաձայնագիրը մնա»։
Արմեն Վարդանյանը նշեց, որ ԱՄՆ-ը լուրջ ընտրության առաջ չի դնի Հայաստանին. «Դրա կարիքն էլ չկա, որովհետև Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալներն ուղղակի ծիծաղելի են՝ 262 մլն դոլար, որից եթե հանենք «Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրի ծավալները, ապա մնում է մոտ 70-80 մլն դոլար, ինչը չնչին գումար է և ԱՄՆ շահերի համար ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ը աշխատանքներ է տանում, որպեսզի իրանական նավթի ծավալները փոքրացնի, իսկ Հայաստանն Իրանից նավթ չի գնում, և այս առումով մենք նորից որևէ սպառնալիք չենք ներկայացնում ԱՄՆ-ի համար»։
Անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ Բոլթոնի հայտարարություններին՝ փորձագետն ասաց, որ Թրամփը նույնպես նման կոչ էր արել՝ Արցախի հարցում լուրջ քայլեր ձեռնարկել, և ըստ նրա՝ մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան կողմը կակտիվացնի իր միջնորդական առաքելությունը և կփորձի հասնել եթե ոչ՝ խնդրի լուծմանը, ապա՝ այդ հարցում լուրջ տեղաշարժեր կնկատվեն։