«Դեռ Բուշի ժամանակներից Բոլթոնը կողմնակից էր բոլոր հարցերը լուծել ռազմական ճանապարհով». Էմմա Բեգիջանյան
«Բոլթոնն այնպիսի քաղաքական գործիչ է, որ դեռ Բուշի ժամանակներից կողմնակից էր բոլոր հարցերը լուծել ռազմական ճանապարհով»,- այսօր ՄԱԱՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ ընդգծելով, որ Իրաքի վրա հարձակման կողմնակիցներից ու համոզողներից մեկը հենց Բոլթոնն է եղել։
«Բոլթոնը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հարցը ևս պետք է լուծել ռազմական ճանապարհով, ինչը անհնարին է»,- նշեց նա։
Բեգիջանյանի խոսքով՝ Իրանի դեմ իրականացվելիք պատժամիջոցների երկրորդ փուլի թիրախում Իրանի էներգետիկան և բանկային գործունեությունն են.
«Ինձ թվում է՝ Իրանի նախագահի գնահատականը շատ ճիշտ է, որ ԱՄՆ-ը աստիճանաբար նահանջում է։ Օրինակ՝ եթե ԱՄՆ-ը սկզբից հայտարարում է, որ Իրանի նավթի արտահանումը պետք է դառնա զրոյական, ապա քիչ անց արդեն հայտարարում է, թե պետք է պարզապես կրճատվի, իսկ ավելի ուշ հենց ինքը՝ Բոլթոնը, հայտարարեց, որ ճիշտ է՝ Իրանի դեմ ճնշումներն ուզում են մեծացնել, բայց ԱՄՆ-ի նպատակն այն չէ, որ բարեկամներին նեղացնեն։
Այսինքն՝ ԱՄՆ-ում բոլորը համակարծիք չեն նավթի արտահանման կրճատման հարցում։ Օրինա՝կ ֆինանսների նախարարի և Բոլթոնի տեսակետները հակասական են, որովհետև նա գտնում է, որ, եթե Իրանից նավթի արտահանումը զրոյական դառնա, ապա միջազգային շուկայում նավթի գների բարձրացման պատճառ կդառնա, ինչը բացասական ազդեցություն կունենա՝ հատկապես Եվրոպայի տնտեսության վրա։ Դա է պատճառը, որ իրենք որոշում ընդունեցին՝ 8 երկրի Իրանից նավթ գնելու արտոնություն տալ»։
Իրանագետն ասաց, որ Իրանից արևմտյան, ճապոնական, հարավկորեական, նույնիսկ՝ թուրքական ընկերությունները դուրս են գալիս։ «Նոր սահմանափակումների հետևանքները Հայաստանի վրա տնտեսական առումով այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունենա։ Մենք խոսում ենք Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին, բայց դա ոչ թե ազատ, այլ մեռյալ տնտեսական գոտի է, ընդամենը շենք է։ Իրանը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն ավելի հակված է դեպի Արևմուտք, ու ես չեմ կասկածում, որ Բոլթոն-Ալիև հանդիպման ժամանակ Ալիևն ասել է՝ ինչքան կարող եք՝ ճնշումներ գործադրեք Իրանի վրա, ինչպես դա տեղի ունեցավ Բուշի ժամանակ։ Այնպես որ, չնայած՝ եռակողմ հայտարարության ժամանակ շատ ադրբեջանամետ կետ կար, բայց Իրանը շատ լավ հասկանում է՝ ինչ քաղաքականություն կբանեցնի Ադրբեջանը։
Դրա վառ օրինակն Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի այցն էր Իսրայել, իսկ Իրանի զինված ուժերի շտաբի պետի այցն Ադրբեջան չեղյալ հայտարարվեց։ Հետևաբար, Իրանը պահանջում է ակտիվացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Գուցե դժվարություններ կլինեն, բայց երկու կողմերը շահագրգիռ պետք է լինեն դրանք հաղթահարելու համար»։