Բաժիններ՝

«Անի Սամսոնյանի հնչեցրած մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում». ԿԳ փոխնախարար

Հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» խմբակցությունը ներկայացնող Անի Սամսոնյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին մեղադրել էր ս/թ հոկտեմբերի 17-ին տնօրենի հավաստագրի համար անցկացված մրցույթն ըստ էության տապալելու, անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, հավակնորդներին բարոյահոգեբանական ճնշումների ենթարկելու ու, ըստ այդմ՝ նրանց ցուցաբերած արդյունքների վրա ազդելու մեջ։

Նույն օրը 168.am-ին տված իր հարցազրույցում Աննա Ստեփանյանը հերքել էր բոլոր մեղադրանքները՝ մասնավորապես նշելով, որ մրցույթի հանձնաժողովի կազմի մեջ եղել են 7 անձինք, հանձնաժողովի նախագահը և մրցույթը վարողը եղել է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը, և ինքը չէր կարող կատարել իրեն վերագրվող գործողությունները։

Այդ օրը 168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս, չհրաժարվելով պարզաբանում ներկայացնելուց, ասաց, որ հեռախոսով հարցազրույց տալը ճիշտ չի համարում։

Մենք գրավոր հարցում ուղարկեցինք ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանին և սահմանված ժամկետում ստացանք մեր հարցերի պատասխանները։

168.am-ը մրցութային հանձնաժողովի նախագահին ուղղել էր հետևյալ հարցերը՝շ

1. Հարգելի տիկին Առաքելյան, արդյոք այսօր Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հնչեցրած մեղադրանքները՝ կապված ս/թ հոկտեմբերի 17-ին տնօրենների հավաստագիր ստանալու քննությունների ժամանակ տեղի ունեցածի հետ, համապատասխանում են իրականությանը։

2. Որպես հանձնախմբի նախագահ՝ Ձեր կողմից նկատվե՞լ են արդյոք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի կողմից տվյալ օրն իր լիազորությունները վերազանցելու դեպքեր, արդյո՞ք վերջինս մեղադրանքներ հնչեցրել է հավակնորդների հասցեին, նվաստացրել ու լացացրել նրանց։

3. Արդյո՞ք տնօրենի հավակնորդ ուսուցիչներին քննելու փոխարեն հանձնաժողովականների հետ վարչության պետը փորփրել է նաև նրանց անձնական կյանքը և փոխհարաբերությունները գործող տնօրենների հետ, ժամուկես տվել է հարակից հարցեր, հետո նրանց ասել, որ դրանք չեն գնահատվելու։

4. Ճի՞շտ են արդյոք Անի Սամսոնյանի պնդումներն այն մասին, որ քննող հանձնախմբի անդամները՝ Աննա Ստեփանյանի գլխավորությամբ, դրսևորել են անհարգալից վերաբերմունք մանկավարժների նկատմամբ և քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների։ Հավակնորդների քննելիս հանձնաժողովի անդամները, ի դեմս Աննա Ստեփանյանի, առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով։

Կրթության և գիտության նախարարի տեղակալ, քննող հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանի պատասխանները ներկայացնում ենք նույնությամբ։

1. «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հնչեցրած մեղադրանքները՝ կապված հոկտեմբերի 17-ի քննության վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում։

2. Որպես հավաստագրման քննության հանձնաժողովի նախագահ՝ հավաստում եմ, որ քննությունն ընթացել է բնականոն մթնոլորտում՝ հանձնաժողովի անդամների կողմից իրենց լիազորությունները վերազանցելու, հավակնորդներին նվաստացնելու կամ նրանց վրա ճնշում գործադրելու որևէ դեպք կամ միտում չի եղել։

3. Քննության ընթացքում հնչեցված հարցադրումները եղել են զուտ մասնագիտական գիտելիքների և կառավարման հմտությունների ստուգման շրջանակում։ Հավելեմ, որ քննության բանավոր փուլում հարցադրումներն իրենց մեջ կարող են ներառել նաև իրավիճակային առաջադրանքներ, որոնց շուրջ հավակնորդը պետք է ներկայացնի իրավական ակտերից բխող գործողությունների հաջորդականությունը։

4. Քննության ընթացքում հավակնորդների նկատմամբ բարոյահոգեբանական որևէ ճնշում, սուբյեկտիվ և անհարգալից վերաբերմունք չի եղել։

ԿԳ փոխնախարար Լ. Առաքելյանը միաժամանակ հավելել է նաև, որ տվյալ օրը մրցույթին մասնակցող 24 հավակնորդներից դրական գնահատական է ստացել 9-ը, անբավարար՝ 15-ը։

Ինչպես Լ. Առաքելյանը, այնպես էլ հանրակրթության վարչության պետն ավելի վաղ մատնանշել են, որ այդ օրն արձանագրվել է մասնակիցների պատրաստվածության բավականին ցածր մակարդակ։

Քննող հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաև, որ հավաստագրման քննությունների ավարտից հետո ՀՀ ԿԳՆ-ում կամփոփվի քննությունների ընդհանուր պատկերը, կուսումնասիրվի և կգնահատվի երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, կարվեն անհրաժեշտ վերլուծություններ։ Նախատեսվում է նաև այդ փուլում առավել մանրակրկիտ անդրադառնալ բողոքող հավակնորդների բոլոր հարցերին ու տալ հանգամանալից պարզաբանումներ։

Ի դեպ, երբ հոկտեմբերի 31-ին Araratnews.am-ն Անի Սամսոնյանին հարցրել է, թե՝ «Եթե Աննա Ստեփանյանն անհարգալից պահվածք է դրսևորել, ինչո՞ւ դա չի հաստատում հավաստագրի քննություններին ներկա կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը. նա ասել է, որ անհարգալից վերաբերմունք կամ վիրավորական խոսք չի եղել ուսուցիչների հանդեպ», ինչին ի պատասխան՝ Անի Սամսոնյանն ասել է. «Չեմ կարող մեկնաբանել նրա խոսքերը: Այդ մեկնաբանությունները նրանից վերցրեք»:

Մի ուշագրավ փաստ ևս։ Անի Սամսոնյանը հայտարարում է, որ դատարանում հայտնվելու որևէ մտահոգություն չունի, քանի որ  բողոքը  ստացել է ուսուցիչներից: Ընդ որում, ըստ «Լույս» խմբակցության անդամի, դժգոհությունը եղել է անվանական: «Ես հանդիպել եմ մանկավարժների հետ, խոսել եմ նրանց հետ: Նրանք հանձնել են ինձ իրենց դիմումը ստորագրություններով»,- մանրամասնել է  ավագանու անդամը:

Բայց որքան էլ որ Երևանի ավագանու հարգարժան անդամը պնդում է, որ բողոքը եղել է անվանական, դիմումի մեջ, սակայն, Աննա Ստեփանյանի անունը 168.am-ը չգտավ։

Ստորև ներկայացնում ենք Անի Սամսոնյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված դիմումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս