Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չէր կարող տնտեսությունում անմիջապես փոխել իրավիճակը, և տնտեսության վրա հեղափոխության դրական ադեցությունը տեսնելու համար պետք է որոշակի ժամանակ: Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում ամրագրել են, որ հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել: «Միաժամանակ, այս տարվա առաջին կիսամյակում կապիտալ ներդրումներն աճել են 76.1 տոկոսով, իսկ այս ողջ տարվա ընթացքում ակնկալվում է, որ կաճեն 32.2 տոկոս: Այսինքն՝ ամբողջ տարեկան աճը երկու անգամ նվազ է առաջին կիսամյակից: Բացի այդ, ըստ այդ կանխատեսումների՝ այս տարի ներդրումների իրական աճը կկազմի 6.1 տոկոս, իսկ առաջին կիսամյակում 76.1էր: Առաջին կիսամյակի համեմատ էական նվազում է նկատվում: Աճի տեմպերի նվազում առկա է նաև ՀՆԱ-ի իրական աճի պարագայում: Եթե նախորդ տարի արձանագրվել է 7.5 տոկս աճ, այս տարի ակնկալվում է 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.9 տոկոս: Դրանք համահունչ չեն կառավարության գործունեության ծրագրին»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առնվազն երկու գործոն պետք է հաշվի առնեն: Դրանցից առաջինը սեզոնայնությունն է: «Անցյալ, նախանցյալ տարիներին ևս առաջին կիսամյակում ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել, քանի տարեվերջին: Որևէ իրադարձություն, եթե գնահատենք տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից, չի կարող չունենալ ժամանակային գործոն: Որևէ իրադարձություն, որը տեղի է ունեցել մեր երկրում, չէր կարող անմիջապես փոխել իրավիճակը, և իր ադեցությունն ունենալ առաջին ինը ամիսներին: Այդ դեպքում սպասումները գերագնահատած են: Ժամանակ է պետք »,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց, որ դա միայն մեր երկրին բնորոշ չէ:
Նա հավելեց, որ այդ թվերը կապված չեն միայն մեր երկրում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նա դա շատ օրինաչափ երևույթ համարեց: Եթե նույնիսկ մի կարգավորում է փոխվում օրենսդրության մեջ, դրա ազդեցությունը անմիջապես չենք տեսնելու: Ջանջուղազյանը նկատեց, որ եթե հայտարարության արդյունքը միանգամից տեսանելի չի լինում, չի կարելի ասել, թե այդ հայտարարություն արդարացված չէր: