«Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ տնտեսական ակտիվության այն կառուցվածքը, որ երկար տարիներ գոյություն ունի ՀՀ-ում, որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։
«Մեր տնտեսական աճը ձևավորվում է այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող, ագրարային և խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որևէ կերպ ընդունելի չէ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության ամենամեծ խնդիրն այն է, որ երկրում մի ընկերության վիճակը կարող է տնտեսության ցուցանիշների վրա ազդել. «Մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվել, որ մեր տնտեսական ցուցանիշներն անկում են ապրելու»։
Գյուղատնտեսության խնդիրների մասին խոսելիս վարչապետն ասաց, որ ոչ ոք չի կարող պնդել, թե այդ ոլորտում ներկայացվող թվերը համապատասխանում են իրականությանը. «Մենք ունենք հավելագրումների և թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ։ Մեր երկրում կան հեկտարներով ստվերային այգիներ, որոնք հաշվառված չեն, հարկեր չեն վճարում։ Սա է պատճառը, որ, երբ տարեսկզբին պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ դրանք արդեն սպառվել են, և ոչ ոք չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջուրը, որն ըստ հաշվարկների՝ պետք է բավականացներ։ Իսկ հավելագրումները հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ։ Հայկական կոնյակը բրենդ է, բայց, ցավոք, Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ։ Ներկրում են սպիրտ այլ տեղերից, և որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացնում են խաղողի կեղծ մթերումներ, որ իբր այդ գործարանն այդքան խաղող է մթերել և այդքան կոնյակ է ստացել։ Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ շատ ավելի խիստ ենք եղել»։
Փաշինյանի խոսքով՝ նաև պլանավորում չի կատարվում, գյուղատնտեսությունն էլ շարունակում է չհամապատասխանել ժամանակակից ստանդարտներին. «Այս տարի Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ երևույթ, երբ Հայաստան է ներկրվել լոլիկ։ Մեր արտադրության ծավալներն աճել են, բայց պարզվել է, որ տեղի արտադրողներն ի վիճակի չեն նրանց պահանջարկը բավարարել, ու վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել Վրաստանից կամ այլ երկրներից։ Սա լուրջ խնդիր է։ 2019թ. առաջարկի և պահանջարկի պլանավորումը պետք է արվի պատշաճ մակարդակով, ռիսկերը հաշվարկվեն պատշաճ մակարդակով, վնասատուների դեմ պայքարում Գյուղնախարարությունն ու կառավարությունը շատ կոնկրետ աջակցություն ցույց տան գյուղացիներին, որպեսզի հաջորդ տարի ներմուծման աճ չունենանք»։