«ՀՀ գործադիր իշխանությունը կորցրեց հրաշալի հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքնիշխանությամբ է իրականացնում իր արտաքին քաղաքականությունը». Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված մի շարք հայտարարություններ, որոնք այս օրերին լայն քննարկման առարկա են դարձել։

«Ակնհայտ է, որ Հարավային Կովկասն առանձին արժեք չէ ամերիկյան ազգային անվտանգության հայեցակարգում, բայց դա չի նշանակում, որ Հարավային Կովկասը կարևոր չէ, այլ նշանակում է, որ Հարավային Կովկասի կարևորությունն ածանցվում է ԱՄՆ-ի համար այլ հարակից տարածաշրջանների կարևորությունից։ Այսօր գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի թիվ մեկ թիրախը մնում է Մերձավոր Արևելքը, և ակնհայտ է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը փորձում են Հարավային Կովկասում պլացդարմներ ստեղծել, կոնսոլիդացնել իրենց քաղաքական կշիռն այս տարածաշրջանում, որը հարակից է Իրանին և Սիրիային, հետագա մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը նույն տրամաբանությամբ են աշխատում։

«ՌԴ-ն փորձում է կոնսոլիդացնել իր քաղաքական կապիտալը Հարավային Կովկասում՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Դուշանբեում Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպումն այդպիսին եմ ընկալում։ Այդպիսի տրամաբանությամբ է աշխատում նաև ԱՄՆ-ը՝ նույն Բոլթոնի այցը, հետևաբար, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է դիրքավորվել Հարավային Կովկասում՝ աչքի տակ ունենալով Սիրիան և Իրանը»,- ընդգծեց նա։

Այս իրավիճակում Հայաստանի մարտահրավերը, ըստ Աշոտյանի՝ այն է, որ այդ կոնսոլիդացիաները նախ չբերեն Հայաստանի՝ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու իրավիճակին, երկրորդ՝ որպեսզի այդ կոնսոլիդացիան չարվի Հայաստանի ազգային շահերի հաշվին. «Կոպիտ ասած՝ ունենալով ավելի մեծ նպատակներ, գերտերությունները չպարտադրեն, չճնշեն Հայաստանին՝ նահանջել սեփական շահերից, ինչ է թե՝ Հարավային Կովկասում պետք է այս կամ այն գեոպոլիտիկ պլացդարմի մաս դառնանք։ Իմ խորին տպավորությամբ, եթե չասեմ՝ փակ ինֆորմացիայով, Արևմուտքում կան որոշ շրջանակներ, նրանք քիչ չեն, որոնք չեն կորցրել հույսը, որ Հայաստանի նոր իշխանությունները, այնուհանդերձ, կարող են իրականացնել աշխարհաքաղաքական բեկում, կարող են փոխել Հայաստանի աշխարհաքաղաքական գերակայությունները։ Այդպիսի շրջանակները քիչ են»։

Կարդացեք նաև

168.am-ի ճշտող հարցին, թե կոնկրետ Բոլթոնի հայտարարությունների հետ կապված՝ ի՞նչ մտահոգություններ ունի, Աշոտյանն այսպես պատասխանեց. «Բոլթոնի հայտարարությունները դիտարկում եմ վերոնշյալ համատեքստում և անբավարար եմ համարում Հայաստանի գործադիր իշխանության գնահատականներն ու արձագանքն այդ հայտարարություններին։ ՀՀ գործադիր իշխանությունը կորցրեց հրաշալի հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքնիշխանությամբ է իրականացնում իր արտաքին քաղաքականությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս